Ինչպե՞ս են դատավորներն իրենց թույլ տալիս ազնիվ լինել, այս բանդիտների օրոք դա հանդուրժելի չէ․ Բաբայան
ԲԴԽ-ն թույլ է տվել քրեական հետապնդում սկսել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ու կալանավորել նրան։ Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։ Հատկանշական, է որ ըստ իրավաբանական հանրույթի, հենց այդ գործն է դարձել պատճառ, որ ԲԴԽ-ն թիրախավորեց այս դատավորին ու զրկեց նրան անձեռնմխելիությունից, թեև առաջադրված մեղադրանքն այլ գործի շրջանակում է։
Նշենք, որ դատավորին մեղադրանք առաջադրող վարույթն իրականացնող մարմինը պնդում էր, որ Բորիս Բախշիյանն առանց ամբաստանյալի ներկայության քննարկել է նրա խափանման միջոցի փոփոխման հարցը, չի ապահովել վերջինիս լսելի լինելու իրավունքը, չի հետաձգել դատական նիստը, ուստի և նրան կալանավորելով` կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հակադարձում է դատախազությանը՝ նշելով, որ սույն դեպքով որպեսզի պարզենք, թե արդյոք դատավոր Բախշիյանն, առանց մեղադրյալի ներկայության փոխելով նրա խափանման միջոցը, զրկել է նրան իր «լսվելու իրավունքը» իրացնելու հնարավորությունից, թե ոչ, պետք է գնահատել մեղադրյալի դրսևորած վարքագծի իրավաչափությունը։
«Սույն դեպքում, մեղադրյալը, ծանոթ լինելով իր դատավարական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև պարտականությունների չկատարման արդյունքում վրա հասնող հետևանքներին, փաստացի անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ: Հետևաբար, դատավոր Բախշիյանի գործողությունները և կայացրած որոշումն իրավաչափ է»,- նշում է նա։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի խոսքով՝ այս իշխանությունն ամեն բան անում է՝ արդար դատավորներին չեզոքացնելու համար։
«ՀՀ-ում նոր թափ է առնում իրավական բանդիտիզմը, որը սկսվել էր 2018-ից։ Եվ ՀՀ քաղաքական բանդան լծվել է դատական իշխանությունը լիարժեք օկուպացնելու գործին»,- ասաց նա։
Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ Բորիս Բախշիյանը դատավոր է, որը համարձակվել է քաղաքական հետապնդման ենթարկվող Աշոտ Երկաթին ազատել կալանքից։
«Սա ՀՀ այս բանդիտ իշխանության կողմից հանդուրժելի չէ։ Ընդհանրապես, պետք է բոլոր դատավորների հետ այսպես վարվել, որպեսզի ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի անցկացնել արդարադատություն։ Ինչպե՞ս են դատավորներն իրենց թույլ տալիս լինել արդար ու ազնիվ, դա անհանդուրժելի է»,- նշեց նա։
Արսեն Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց՝ ՀՀ-ում իրավական բանդիտիզմը նոր ծավալների է հասնում և կշարունակվի այսպես, քանի դեռ իրավական բանդիտներն իշխանության են։
Նարե Գևորգյան
Comments