Ինչպե՞ս ճիշտ Պահք պահել․ ի՞նչ չի կարելի ուտել և ո՞ր սովորություններից պետք է հրաժարվել
Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Պահքն այն ժամանակն է, երբ մեր միտքը «պահակ» է կանգնում, հսկում է հոգուն՝ այնտեղ գտնվող գանձը պահպանելու համար։
Մարդը հանուն շահի, սեփականության, դրամի պատրաստ է ցանկացած քայլի։ Եվ որքան ագրեսիվ է արտաքնապես, ակտիվ՝ նյութական արժեքները պահպանելու առումով, այնքան պասիվ է հոգևոր արժեքների պահպանման հարցում։ Պահքը հնարավորություն է՝ այս իրավիճակը փոխելու։
Պահքի ժամանակ ամենատարածված հարցերը վերաբերում են կանոններին. ի՞նչ անել, ի՞նչ չանել, ի՞նչ ուտել և այլն։
Պահքի ժամանակ պետք է ուտել բուսական ծագմամբ կերակուրներ։ (Մեղրը համարվում է պահքի կերակուր, իսկ ձուկը՝ ոչ)։
Պետք է սնվել չափավոր։ Պետք է հրաժարվել կախվածությունից։ Պահքը տալիս է հնարավորություն և ժամանակ՝ հոգու ազատության համար։ Պահքի ժամանակ պետք է աղոթել կանոնավոր և կարդալ Աստվածաշունչ։
Շատերին հետաքրքրում է հարցը, թե ինչո՞ւ չի կարելի կենդանական ծագման կերակուրներ ուտել։ Չուտելու նպատակն այդ չկերածը բարեգործության ուղղելն է։
Հովհան Ոսկեբերանն ասում է՝ հաշվիր, թե ինչքան ես ծախսում կենդանական կերակուրների համար ու համադրիր տարբերությունը, երբ բուսական մթերքներով ես սնվում, տարբերությունը բաժանիր աղքատներին։
Պահքի ժամանակ շատերը հրաժարվում են ծխելուց, հեռուստացույց դիտելուց, օնլայն խաղերից, այսինքն այն ամենից, ինչից, իրենց կարծիքով, կախվածություն ունեն։
Comments