top of page

Ինչ կապ ունի վարչապետի նախկին օգնականի պաշտոնանկությունը «զրահաբաճկոնների» գործի հետ


Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ազատվեց վարչապետի օգնականի պաշտոնից։ Նա շնորհակալան խոսքեր ասաց Նիկոլ Փաշինյանին և հայտնեց, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր թիմին։ Նաիրի Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ կադրերից մեկն է, նրա անբաժան ուղեկիցը Գյումրու հրապարակից մինչև վարչապետի աթոռ, իսկ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվելուց հետո ուղեկցել է Փաշինյանին նրա բոլոր հանդիպումների ժամանակ, բողոքի ակցիաների ամենաթեժ պահերին դուրս եկել Փաշինյանի անունից ցուցարարների հետ խոսելու։ Եվ ուրեմն, ինչպես ստացվեց, որ Փաշինյանի աջ ձեռքն ազատվեց աշխատանքից, քանի որ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու և հանգստանալու մասին հավաստիացումները բնականաբար զավեշտալի են հնչում։


AntiFake.am-ին հայտնի է դարձել Նաիրի Սարգսյանի պաշտոնից ազատման պատճառները։ Նիկոլ Փաշինյանի աջ ձեռքը և ԱԺ «ՔՊ»–ական պատգամավոր «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրը, ըստ մեր աղբյուրի, առնչվում է դեռ 2021 թվականի նոյեմբերից Ազգային անվտանգության ծառայությունում քննվող «զրահաբաճկոնների» քրեական գործին։


Հիշեցնենք, որ կոռուպցիոն եղանակով զրահաբաճկոններ ձեռք բերելու մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա մասնավորապես ասել էր, որ «պատերազմի ժամանակ, շրջան­ցելով Պաշտպանության նախարարու­թյունը, այս կառավարությունը գնում­ներ է կատարել, և, օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ գրե­թե 600 դոլարով։ Այս պահին այն կազմում է 313 հազար 200 դրամ, իսկ պա­տերազմի օրերին դոլարի փոխարժեքը մի փոքր ավելի ցածր էր»։


Նախորդ տարի այս հայտարարությունից հետո ԶԼՄ–ների հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ ձեռք բերելու մի գործ դեռ նոյեմբերից քննվում է․ «Քրեական գործը քննվում է 308-րդ հոդածի հատկանիշներով և Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանության չարաշահում, որը վերաբերում է զինվորական ծառայությանը», - հայտնել էր Գոռ Աբրահամյանը:


AntiFake.am–ը «զրահաբաճկոնների» գործի ընթացքի և քրեական գործին Նաիրի Սարգսյանի առնչության մասին մեկնաբանություն ստանալու համար կապվեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննություն է իրականացվում ոչ միայն զրահաբաճկոնների, այլ նաև Զինված ուժերի կարիքների համար այլ գնումների հետ կապված։ Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Գլխավոր դատախազի խորհրդականը տեղեկացրեց, որ գործը քննվում է «խիստ գաղտնի» ռեժիմով, ուստի՝ այլ տեղեկություններ չի կարող տրամադրել։ Խնդրեցինք նշել՝ գործով մեղադրյալներ, տուժողներ, վկաներ, հարցաքննված անձինք կա՞ն, ինչին Աբրահամյանը պատասխանեց․ «Այլ գործերի հետ համեմատության մեջ այս գործն ավելի գաղտնի ռեժիմով է քննվում, հետևաբար՝ գործի մասին լրացուցիչ տեղեկատվություն այս պահին չի տրամադրվում»։ Հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված «խիստ գաղտնի» ռեժիմով քննությունը, ինչին ի պատասխան դատախազության ներկայացուցիչն ասաց, որ գործով այնպիսի տվյալներ են առկա, որոնք նման ռեժիմ են ենթադրում։ Աբրահամյանին հարցրեցինք նաև, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի անունը որևէ ձևով առնչվում է այսպես ասած «զրահաբաճկոնների» գործին՝ խնդրելով հաստատել կամ հերքել տեղեկությունը։ Ի պատասխան՝ չհերքելով Նաիրի Սարգսյանի առնչությունն այս գործին՝ նա պատասխանեց․ «Ես նշեցի, որ դրա հետ կապված որևէ տեղեկություն չեմ կարող ասել, համենայն դեպս կարող եմ ասել միայն, որ այդ քրեական գործով և այլ քրեական գործով Ձեր կողմից նշված անձը (խմբ․–Նաիրի Սարգսյանը) դատավարական կարգավիճակ չունի»։


Մենք կապվեցինք նաև վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի հետ՝ «զրահաբաճկոնների» գործով նրա առնչության մասին մեկնաբանություն ստանալու համար։ «Զրահաբաճկոնների հետ առհասարակ կապ չեմ ունե․․․, չունեմ, ընդհանրապես»,– ինքն իրեն ուղղելով պատասխանեց Սարգսյանը։ Հետաքրքրվեցինք՝ իր հրաժարականը որևէ կապ ունի՞ որևէ քրեական գործի հետ, ինչին վարչապետի նախկին օգնականը բացասական պատասխան տվեց։


Սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները պարզել են, որ Նիկոլ Փաշինյանի օգնականը առնչություն ունի Զինված ուժերի համար կոռուպցիոն եղանակով «զրահաբաճկոնների» քրեական գործի հետ։ Եվ որպեսզի քրեական գործը քննելիս իրավապահ մարմինները կաշկանդվածություն չունենան, Փաշինյանը որոշում է կայացրել նրան ազատել աշխատանքից։


Պատահական չէ, որ ընթերցողի ուշադրությունը հրավիրեցինք Նաիրի Սարգսյանի՝ «կապ չեմ ունեցել» պատասխանի և ինքն իրեն ուղղելու վրա։ Դեռ նախորդ տարի հունիսին համացանցում «հույժ գատղնի» նշագրմամբ փաստաթղթեր էին հրապարակվել, որոնք ապացուցում են, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ Նաիրի Սարգսյանը շուրջ 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է կանխիկացրել՝ զրահաբաճկոններ ձեռք բերելու և ԶՈՒ կարիքների համար այլ գնումներ կատարելու համար։


Իսկ հանգամանքը, որ գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն զրահաբաճկոնների և Զինված ուժերի կարիքների համար այլ գնումներ կատարած Նաիրի Սարգսյանը որևէ, անգամ վկայի կարգավիճակ չունի քննվող քրեական գործով, վկայում է այն մասին, որ Նաիրի Սարգսյանի պաշտոնից ազատվելը խորը պատճառներ ունի։ ԱԱԾ–ն առանց կաշկանդվածության կքննի՞ գործը, ցույց կտա ժամանակը։


Komentarze


1/465

LATEST NEWS​​

bottom of page