Ի՞նչ իրավիճակ է երկրաշարժից հետո Ալավերդիում․ համայնքապետը մանրամասնում է
«Ժողովուրդը մի քիչ վախեցել էր, դե բնական երևույթ է, գիշերը տանից դուրս էին եկել՝ փողոցներում, բակերում, իրենց ավտոտնակներում ու մեքենաների մեջ էին երկրաշարժից հետո, բայց արդեն շատ ուշ ժամի բոլորը գնացել էին իրենց տները»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը։
Նա նշեց, որ որևէ քաղաքացի չի տուժել։ Հարցին՝ գույքային վնասներ համայնքը կրե՞լ է՝ Խեչումյանը պատասխանեց․ «Այդ բնակարանների պատերը, որ նկարում են, ասում են ճաքել են, ոչ մեկ չի կարող ասել դրանք նոր ճաքեր են, թե՝ հին։ 1988թ-ից մեր տան պատերը ճաքել են ու հիմա կան այդ ճաքերը։ Իրականում մինչև ուշ գիշերը մարզպետը մեզ հետ կապի մեջ է եղել, անընդհատ շրջայցեր ենք արել, բայց այս պահին չենք արձանագրել որևէ փլվածք։ Միգուցե ավելի խորքային ուսումնասիրությունների արդյունքում ինչ-ինչ բաներ արձանագրենք»։
Համայնքապետը նշեց, որ այս պահին որևէ բնակչից փլուզման կամ վնասի վերաբերյալ ահազանգ չեն ստացել։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր երկրաշարժ` Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
Արմինե Նավոյան
Comments