top of page

Հայոց բանակ են թողե՞լ, որ տոնը նշեն․ Էդուարդ Շարմազանով


Այս մարդիկ երեք տարուց ավելի է՝ վարկաբեկում են բանակը ստեղծող մարդկանց, Ապրիլյան պատերազմի հաղթանակը, հիմա էլ ՀՀ ԶՈւ-ի օրը չեն տոնում, չնայած, Հայոց բանա՞կ են թողել, որ տոնը նշեն։ MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


«Այս իշխանությունը ներկա արհավիրքների գլխավոր մեղավորն է: Մանր հարցեր են․ կորոնավիրուսով են հիվանդացել, տոնակատարություն են անում կամ չեն անում, կարևոր չէ, երկիրը պարտության տարած անձը մեկ է՝ գնում Եռաբլուր, նկարվում է։ Ինքն էլ գիտի, որ միջոցառում արեց, ի՞նչ է փոխվելու, Շուշին կազատագրվի՞»,- ասաց նա։


Շարմազանովի խոսքով՝ եթե նախկինում շքերթներ էին լինում, տոնակատարություն էր լինում, արվում էր հաղթանակած բանակի համար, սակայն հիմա նույն պատկերը չէ։ «Ձևի հետևից պիտի չընկնենք, բովանդակությունը պիտի հասկանանք։ Երեք ու կես տարվա ընթացքում հաղթանակած ազգից դարձել ենք պարտված ազգ»։


Քաղաքական գործիչը նշում է, որ այս խայտառակ պատկերը միայն կփոխվի այն ժամանակ, երբ բոլորն իրենց սխալը կզգան ու կգնան այն ուղղելու ճանապարհով։ «Բարդ է այսօր բանակի մասին խոսել․ մենք պետություն ունե՞նք, որ բանակ ունենանք։ Ազատագրված տարածքներից դուրս են եկել, հանձնել են, Սյունիքում թույլ են տվել, որ թշնամին անցակետ դնի, դեմարկացիա, դելիմիտացիա են անում ու այս մարդիկ դեռ պիտի բանակի օր շնորհավորե՞ն, ծնողը չի ուզում իր որդուն բանակ ուղարկի, ի՞նչ նշեն»։


Էդուարդ Շարմազանովը շեշտեց, թե տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը բանակի հիմնադիրներին անարգել է և բնական է, որ այսօր, նրա իշխանության օրոք՝ ԶՈւ-ն այս վիճակում է։


«Արցախի հերոսներին կամ բանտարկում էին կամ մերժում, բանակի ուժը ելակով էին չափում, հազարավոր խնդիրներ կան, զինվորի կողքին ենք, անխոս, բայց զինվորն առանց ճիշտ սպայի, հրամանատարի ի՞նչ անի»,-ամփոփեց նա։


Լիաննա Թորոսյան

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page