Հայաստանի քաղաքականությունը, COVID-ը զսպելու առումով, շատ ճկուն և հավասարակշիռ է․ Ավանեսյան
Ութ կամ ինը հազար կորոնավիրուսային մահ ունենք, այս ընթացքում Առողջապահության նախարարությունը վերլուծություն արե՞լ է, թե դիմակների պարտադիր կրումը քանի կյանք փրկեց։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խոսքն ուղղելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում իրականացվում են հետազոտություններ, փորձի փոխանակումներ, գիտական նյութերի վերլուծություններ։
«Բոլոր կանխարգելիչ միջոցների արդյունավետությունն անընդհատ գնահատվում է»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ մի շարք շատ հեղինակավոր ինստիտուտներ փորձեր են արել, որոնցով հաստատվում է՝ այո՛, դիմակները շատ մեծ դերակատարում ունեն վարակը կանխարգելելու տեսանկյունից։
«Հայաստանի քաղաքականությունը՝ COVID-ը զսպելու առումով, շատ ճկուն և հավասարակշիռ է»,- ասաց Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա Ավանեսյանն ասաց, որ միայն ԱՀԿ կողմից հաստատված պատվաստանյութեր են բերվում Հայաստան։
Commentaires