ՀՀ-ում Ուկրաինայի հայ համայնքի մասին ինֆորմացիա տվողների դեֆիցիտ է, միակ հույսը ծանոթ-բարեկամն է
Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է հարյուրավոր մարդկանց կյանքեր խլել։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ երեկվա ընթացքում 137 քաղաքացի է զոհվել՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ զոհվել է նաև հայազգի Դավիթ Աղաջանյանը։ Ի՞նչ վիճակում է Ուկրաինայի հայկական համայնքը, արդյոք զոհեր ու վիրավորներ ունե՞նք, ինչպե՞ս է ապահովվում ուկրաինահայության անվտանգությունը, հայկական հյուպատոսությունները կարողանո՞ւմ են կապ պահել հայ համայնքի հետ։ Հարցեր, որոնց, ցավոք, որևէ մեկը չի պատասխանում։ Վաղ առավոտից MediaHub.am-ը զանգահարում է հնարավոր բոլոր կառույցներ՝ հստակ տեղեկատվություն ստանալու համար։ ԱԳՆ-ից մեր առաջին զանգին ի պատասխան` ասացին, որ նոր բան չունեն ասելու, քիչ հետո տեքստային տարբերակով հրապարակում կունենան, թեև նոր ասելիք չկա։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի հեռախոսն այսօր անհասանելի է, թեև, արդարության համար նշենք, որ նա երեկ մեզ հետ զրույցում հստակ տեղեկատվություն է տրամադրել հայ համայնքի վիճակի մասին։ ԱԺ հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ ուղղակի զանգերին չի պատասխանում, թերևս՝ անծանոթ համարից են ստացված զանգերը։ Այս պարագայում, մեզ մնում է հետևել Ուկրաինայում ծանոթ-բարեկամ ունեցողների՝ սոցցանցերում իրականացրած գրառումներին՝ գոնե ինչ-որ չափով տեղեկացված լինելու համար։
ՀԳ. նյութը հրապարակելուց րոպեներ անց ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
Նարե Գևորգյան
Comments