Գզվռտոց՝ իշխանության միջանցքներում
Նույնիսկ ամենաարմատական ընդդիմադիրներն ընդունում են, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կայունացնել սեփական իշխանությունը, իհարկե՝ այդ հարցում ունենալով արտաքին կենտրրոնների լիակատար կոնսենսուսը։ Մյուս կողմից, հայտնի ճշմարտություն է, որ իշխանության կորստյան տեսանելի ռիսկերի բացակայության պարագայում՝ վերնախավում սկսվում է գզվռտոց՝ ազդեցության ոլորտների, պաշտոնի, լծակների, ի վերջո՝ փողի համար։ Օրինակ, իրազեկ մարդիկ պնդում են, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իսկապես ցանկացել է երկրի նախագահ դառնալ, սակայն պարտվել է ՔՊ այլ թևերի, որոնք կարողացել են այնպիսի ստատուս-քվո ստեղծել, որ Հարությունյանը կոնսենսուսային չի եղել անգամ Փաշինյանի շրջապատում։ «Սկզբունքային» Տիգրան Ավինյանն իշխանության էլիտա վերադառնալու խնդիր ունի, ասում են՝ ուզում է Երևանի քաղաքապետ դառնալ։
Այդ դեպքում՝ պետք է հաշվի նստենք այն իրականության հետ, որ Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդամենը տեղապահ է, Ավինյանի «ստվերը», որն այսօրվանից պետք է ապահովի նրա հաղթանակը Երևանի ավագանու հաջորդ տարվա ընտրություններում։ Ըստ իշխանական կուլիսներում տարածված վարկածներից մեկի՝ հենց այդպես էլ կա ու օրերս Ավինյանն ու նրա ևս երեք թիմակիցներ դառնալու են փոխքաղաքապետեր ու լծվեն իրենց իրական «շեֆին» Երևանի գալիք ընտրություններում քաղաքապետ «կարգելու» գործին» Իհարկե, դա այնքան էլ հեշտ գործ չէ, որովհետև եթե այդ ընտրություններում ընդդիմությունն ունենա միասնական թեկնածու, կարող է հաղթել ՔՊ-ն, մանավանդ, որ վերջինս նույնիսկ ԱԺ արտահերթ ընտրություններում մայրաքաղաքում մեծամասնություն չի ստացել։
Բայց իշխանության կուլիսներում այլ վարկած էլ է շրջանառվում, ըստ որի՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամենևին էլ տեղապահ ու առավել ևս՝ Ավինյանի «ստվեր» լինել չի ուզում ու հենց կադրային քաղաքականության հարցերում լուրջ տարաձայնություններ ունի նախկին փոխվարչապետի հետ։
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա ենթադրվում է, որ Սարգսյանը հովանավորներ ունի ՔՊ վերնախավում, որոնք որոշել են Երևանի գործող քաղաքապետի միջոցով «խաղից» դուրս դնել Ավինյանին, մանավանդ, որ իշխանության վերնախավում կան ազդեցիկ մարդիկ, ովքեր դեմ չեն վայելելու Երևանի քաղաքապետի պաշտոնը։
Վահրամ Բագրատյան
Comments