top of page

Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ իր թեկնածուն հաղթի, բայց ես վստահ եմ իմ ուժերի վրա․..

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նորանոր թեկնածուներ են առաջադրվում․ Տիգրան Ավինյան, Նատալյա Ռոտենբերգ, Դավիթ Խաժակյան, Ռուբեն Հախվերդյան և այլն։ Համաձայնեք՝ բավականին խարիզմատիկ դեմքեր են, և յուրաքանչյուրն էլ իր համակիրների որոշակի բանակն ունի։ Ամեն դեպքում, առաջադրված թեկնածուների մեջ իգական սեռի և օտար երկրի միակ ներկայացուցիչը Նատալյա Ռոտենբերգն է․ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արցազաքանցյանի ռուս կինը հասցրել է իրեն դրսևորել Հայաստանում՝ իր վրա սևեռելով հանրային մեծ ուշադրություն։

 ԼՈՒՐԵՐ․com-ի հարցին, թե ինչպես է գնահատում իր հնարավորությունները առաջիկա պայքարում, «Ուժը Հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչն ասաց․«Ես գիտեմ իմ որակները, ինչպիսիք են ազնվությունը, պարկեշտությունը, աշխատասիրությունը և պրոֆեսիոնալիզմը: Ես մեծ փորձ ունեմ և բազում նախագծեր եմ իրականացրել, թեպետ, երևի թե, ոչ բոլորը գիտեն այդ մասին։ Ես վստահ եմ իմ ուժերի վրա և գիտեմ, որ Երևանն իմ ներկայությամբ կբարգավաճի, այլ ոչ թե հակառակը»։ Գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ իր թեկնածուն հաղթի, սակայն, ինչպես երևում է Տիգրան Ավինյանի սոցիալական հարցումներից, երևանցիները պատրաստ չեն նրան տեսնել Երևանի ղեկավարի պաշտոնում, նկատեց մեր զրուցակիցը։ Նրա պնդմամբ, ժողովուրդը հրաշալի տեսնում է, որ Դավիթ Խաժակյանը նույնպես հարում է գործող իշխանությանը, թեև հանդես է գալիս այլ կուսակցությունից։

«Ինչպես տեսնում եք, ես ուսումնասիրում եմ Երևանը և հայտնաբերում եմ թույլ կողմերը։ Ես ուզում եմ ամեն ինչ հասկանալ ու տեսնել սեփական աչքերով, թե ինչպես կարող ենք փոխել ու բարելավել իրավիճակը։ Միաժամանակ ես սկսեցի շփվել պոտենցիալ ներդրողների հետ, ովքեր կարող էին ներդրումներ կատարել մայրաքաղաքի զարգացման համար»,-նշեց Նատալյա Ռոտենբերգը։Նա վստահեցրեց, որ ինքը մրցակից չունի արդար պայքարում, նշելով, որ իրեն կսատարեն նրանք, որոնք հավատում են իրեն, տեսել են գործի մեջ և իր հետ մասնակցել տարբեր նախագծերի․ «Ցավոք, մարդիկ կորցրել են հավատը առաջնորդների և նրանց խոստումների նկատմամբ, բազմիցս նրանց հնարավորություն են տվել, բայց չեն արդարացրել իրենց սպասելիքները, հետևաբար իմ խնդիրն ավելի է բարդանում։ Բայց հուսով եմ, որ երեւանցիներն իմ մեջ կտեսնեն ողջ ներուժը և հնարավորություն կտան ինձ գործնականում դրսևորել»։Արա Ալոյան

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page