Google Play-ում վտանգավոր Android վիրուս է հայտնաբերվել
Google Play-ում հայտնաբերվել է վտանգավոր Xenomorph Android վիրուսը, ասվում է ThreatFabric կիբերանվտանգության ընկերության պաշտոնական բլոգում։
Չարամիտ ծրագիրը թաքնվում է Fast Cleaner հավելվածում: Այն արդեն հասցրել է ավելի քան 50000 սարք վարակել:
Հայտնվելով զոհի գաջեթում՝ Xenomorph-ը փորձում է հասնել կարեւոր ֆինանսական տեղեկատվությանը, վերահսկել զոհի հաշիվները եւ չարտոնված գործարքներ իրականացնել։ Այնուհետեւ չարամիտ օպերատորները վաճառում են հավաքված ամբողջ տեղեկատվությունը շահագրգիռ կողմերին:
Բացի այդ, Xenomorph-ը կարող է գաղտնալսել ծանուցումները, արգելափակել SMS հաղորդագրությունները, արգելափակել այլ հավելվածների պատուհանները եւ տվյալներ հավաքել օգտատերերի վարքագծի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ վիրուսը դեռ մշակման փուլում է, եւ դրա գործառույթները կարող են ընդլայնվել։ Մասնագետները նաեւ նկատել են, որ Xenomorph-ի կոդը նման է մեկ այլ բանկային տրոյայի՝ Alien-ի կոդին։ Դա կարող վկայել այն մասին, որ դրանք միեւնույն մշակողն ունեն:
Comments