top of page

Դատավոր Մխիթարյանի աչքերը վաղուց բաց են և ձեռքում կշեռք չկա․փաստաբանը՝ Առուշանյանի կալանքի մասին


ՀՀ-ում արդարադատություն փնտրելը նման է մութ սենյակում ասեղ փնտրելուն, պետությունում իրավաբանությունն իսպառ վերացել է։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ խոսելով դատարանի որոշման մասին։


Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։ Նշենք, որ գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։


«Մխիթարյանի որոշումը, բնականաբար, սպասելի էր։ Որոշումը, իհարկե, կվիճարկենք, բայց փաստորեն, մենք ճիշտ էինք, որ ասում էինք` Մխիթարյանը համարձակ չի, իսկ նա սխալ էր, երբ ասում էր՝ իր նկատմամբ որևէ ճնշում չի կարող գործադրվել։ Ես ունեմ ողջամիտ ենթադրություն, որ Մխիթարյանի վրա ոչ թե երեկ են ճնշում գործադրել, այլ շատ վաղուց է եղել»,- ասաց նա։


Ալեքսանյանի խոսքով՝ Ռուբիկ Մխիթարյանը վաղուց պատրաստակամություն է հայտնել, որ այսպիսի որոշում է կայացնելու բոլոր այն գործերի մասով, որոնցով հետաքրքրված է իշխանությունը։ «Դատավոր Մխիթարյանի աչքերը վաղուց բաց են և շատ վաղուց նրա ձեռքում կշեռք չկա, նրանից արդարադատության ակնկալիք ունենալը ուղղակի միամտություն է»։


Փաստաբանը նշեց, որ որոշումը ստանալուն պես կվիճարկեն, Վճռաբեկ ատյան բողոք կներկայացնեն, չնայած, որ այդ ատյանից ևս հույս չունեն։


Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների (որին ինքը մասնակցում էր «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով) նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ՝ ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։


Լիաննա Թորոսյան

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page