top of page

Երեխային բռնության ենթարկած աշխատակիցները շարունակո՞ւմ են աշխատել մանկապարտեզում


Երևանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցող երեխային բռնության ենթարկելու, նրան ստիպողաբար հող ու կղանք ուտեցնելու դեպքի հետ կապված քաղաքացու դիմումը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները արդեն իրականացրել են ուսումնասիրություններ իրենց լիազորությունների շրջանակում և, ելնելով այդ ուսումնասիրությունների արդյունքներից և երեխայի լավագույն շահից, ինչպես նաև՝ հաշվի առնելով այն, որ գործը վերաբերում է երեխայի նկատմամբ բռնություն կիրառելուն, այդ նյութերը ուղարկվել են ոստիկանություն՝ մասնագիտական ուսումնասիրության և հետաքննության համար։ Այս մասին MediaHub.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։


Հարցին՝ երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնություն իրականացրած անձինք դեռևս շարունակում են աշխատել թիվ 124 մանկապարտեզում, քանի որ խոսքը վերաբերում է 1-2 տարի առաջ իրականացված դեպքին և այս ընթացքում այլ պատճառով կարող էին դուրս գալ աշխատանքից, քաղաքապետարանից հստակ չպատասխանեցին։ «Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, բայց ենթադրում եմ, որ շարունակում են աշխատել»։


Ավելի վաղ MediaHub.am-ը հայտնել էր, որ դեպքի առնչությամբ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր, օր․-ի 119-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշենք, որ Քր, օր․-ի 119-րդ հոդվածով նախատեսված է Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով։


Արմինե Նավոյան

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page