Երևանում քննարկվել է Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը.

Երևանում քննարկվել է Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի- Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի երեկվա հանդիպումից:
Փաշինյանը հայտարարեց, որ շատ մոտ են արձանագրելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ երեկվա հանդիպումն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Երասխ– Ջուլֆա–Օրդուբադ– Մեղրի–Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին.
« Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնց անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, և երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, և երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված»,– ասաց Փաշինյանը և հայտնեց, որ արդեն քննարկվում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև նախագծման հարցերը, նաև շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը.
«Իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ, բայց այս դինամիկայով շարունակվելու դեպքում՝ մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է իրատեսական»,-ասաց նա: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ որ երկաթգծի վերականգնման հետ կապված ունենալու են երկկողմ շփումներ.
«Որովհետև ենթակառուցվածքի օպերատորը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ն է, ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարոմ այս փուլից ծրագրի հետ կապված առաջընթացներում ինտենսիվ փորձագիտական շփումներ ունենալ նաև երկկողմ հարթակում, որովհետև նախագծային փուլից սկսած՝ ճիշտ է, որ օպերատորի հետ մեր համագործակցությունը սերտ լինի, որպեսզի նախագիծն ունենա այնպիսի տրամաբանություն, որ դրանից հետո անմիջապես կառուցվի ու հետո անմիջապես շահագործվի՝ առանց խոչընդոտների», - ասաց Գրիգորյանը:
Comments