ԵՊՀ գրադարանը «ողողվել է» ԱԺԲ-ի քարոզչական թռուցիկներով. բուհում անիշխանություն է
Երևանի պետական համալսարանի գրադարանը, ինչպես նաև մասնաշենքերի տարբեր դասասենյակներ այսօր ողողվել են «Ազգային ժողովրդավարական բևեռի» քարոզչական թռուցիկներով։ Այս մասին են վկայում համացանցում տարածված նկարները։
Հետաքրքիր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղարկելով իր թիմակից, նախկին «իմքայլական» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին մայր բուհ, իսկ նրան էլ վերակարգ իբրև ԵՊՀ խորհրդի նախագահ կարգելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հայտարարում էր, թե այս կերպ փորձում է «պայքարել համալսարանի կուսակցական բջիջների դեմ»։ Այլ կերպ ասած՝ նախկինում բուհական համակարգի կուսակցականացման դեմ «կռիվ տվողները» «կուսակցականացնում էին» ԵՊՀ-ն, որպեսզի այն «ապակուսակցականացնեն»։ Անհեթեթ շուտասելուկի նման այս իրավիճակի տրամաբանական զարգացումը, սակայն, ինչպես տեսնում ենք, բերեց նրան, որ ԵՊՀ-ում ոչ թե ապակուսակցականացում, այլ համատարած «բարդակ» է տիրում, որովհետև ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործառույթներից։
Օրինակ, գրեթե մեկ ամիս ԱՄՆ-ում է անցկացնում՝ «կրթական վոյաժների» անվան տակ։ Ինչպես ասում էր դասականը՝ «ուզում էինք ավելի լավը, բայց ստացվեց ինչպես միշտ»։ Մնում է միայն, որ ԵՊՀ-ում Հովհաննես Հովհաննիսյանի պատճառով տիրող «բարդակի» արդյունքում մայր բուհից «նոր ծռեր» դուրս չգան, որոնք կգրավեն ՊՊԾ գունդը, սակայն այս անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Comments