ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Բրյուսելում կայացած արտակարգ գագաթնաժողովում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ ընդլայնված փաթեթը: «Այդ պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին, երկակի նշանակության ապրանքներին, ինչպես նաև արտահանման վերահսկողությանը և արտահանման ֆինանսավորմանը, վիզային քաղաքականությանը, ռուսաստանցի ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակներին և պատժամիջոցների ցուցակագրման նոր չափանիշներին», - ասվում է ԵՄ-ի տարածած հայտարարության մեջ. հաղորդում է DW-ը։
ԵՄ առաջնորդների կարծիքով՝ նոր սահմանափակող միջոցները «լայնամասշտաբ և լուրջ հետեւանքներ» կունենան Ռուսաստանի համար։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Twitter-ի իր էջում հրապարակել է ամփոփիչ փաստաթուղթը՝ պատժամիջոցների նոր փաթեթն անվանելով Բրյուսելի պատասխանը «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհիմն և չարդարացված ռազմական ագրեսիային»։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նախազգուշացրել էր, որ ԵՄ-ն կընդունի Մոսկվայի դեմ «երբևէ սահմանված պատժամիջոցների ամենակոշտ փաթեթը»։
تعليقات