top of page

ԵԱՀԿ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվեցին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները։ 

Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներին (նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ  Տկաչիկի գլխավորությամբ) մարզկենտրոն Կապանում դիմավորեցին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի  անունից ողջունեցին մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը։ Մարզպետարանում կայացած հանդիպում-քննարկմանը ներկա էին նաև Հատուկ բանակային կորպուսի  հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, մարզպետի խորհրդականներ Տարոն Ալեյանն ու Կարեն Բալյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը։

Միջազգային փորձագետներին ամենայն մանրամասնությամբ` զեկույցներով, ֆոտո և վիդեո փաստերով ներկայացվեցին ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները մարզի տուժած բնակավայրերի սահմաններին ու բնակիչների համար, ինչպես նաև այն խնդիրները, որ առաջացել են այդ վայրերում առկա հատուկ պահպանվող տարածքներում և արգելավայրերում։

Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրեց իրավիճակը սահմանին։

Մարզպետարանի ներկայացուցիչները տեղեկացրին, թե բնակչության համար կենսական նշանակության ինչպիսի օբյեկտներ են նշանառության տակ վերցվել՝ շեշտելով, որ ի հեճուկս միջազգային հանրության հորդորների՝ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվում, որի հետևանքով խախտվում են մարդկանց ազատ տեղաշարժի, խաղաղ ապրելու իրավունքները․ թիրախում են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհվել խաղաղ բնակիչներ, հրետակոծության ենթարկվել քաղաքացիական և շտապօգնության մեքենաներ․․․

Միջազգային փորձագետները հետաքրքվեցին սահմանամերձ բնակավայրերին վերաբերող անվտանգային մի շարք հարցերով, այդ թվում՝ Կապանի օդանավակայանի գործունեությանն առնչվող խոչընդոտներով։

Մարզային իշխանության ուղղորդմամբ ԵԱՀԿ ներկայացուցիչները մեկնեցին Շիկահող գյուղ, որտեղ հանդիպեցին բնակիչներին,  արձանագրեցին թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բնակվող մարդկանց կարիքներն ու խախտված իրավունքները։

Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հույս հայտնեց, որ այս փաստերը կընդգրկվեն միջազգային փորձագետների զեկույցներում, և առաքելության անդամների գործունեությունը դեր կխաղա նոր հավանական ագրեսիաների կանխարգելման ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։


Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page