Կորոնավիրուսից մահացությունը մեկ շաբաթում աճել է 7%-ով

Անցած մեկ շաբաթում կորոնավիրուսով է վարակվել 19 276 472 մարդ։ Վիրուսը 67 953 մարդու կյանք է խլել։ Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 17%-ով, իսկ մահվան դեպքերինը՝ աճել 7%-ով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ամենից շատ վարակման դեպքեր են արձանագրվել Արևելյան Միջերկրականում (+36%)։ Իսկ ԱՄՆ-ում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 36%, 32% և 22%-ով։
Եվրոպայի երկրներում, որոնց բաժին է ընկնում աշխարհում մեկ շաբաթում գրանցված նոր դեպքերի 58%-ը, ցուցանիշը նվազել է 7%-ով։
Մահացությունը 67%-ով աճել է Հարավարևելյան Ասիայում, 45%-ով՝ Արևելյան Միջերկրականում և 2%-ով՝ Եվրոպայում։ Աֆրիկայում մահվան դեպքերի թիվը նվազել է 7%-ով, իսկ Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 5%-ով։
Մեկ շաբաթում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են՝ ԱՄՆ-ում (1 874 006), Ֆրանսիայում (1 738 189), Գերմանիայում (1 285 375), Բրազիլիայում (1 241 025), Հնդկաստանում (1 095 616)։
7 օրում մահվան դեպքերի ամենամեծ թիվը հաստատվել է ԱՄՆ-ում (14 090)։ Այնուհետև գալիս են Հնդկաստանը (7 888), Ռուսաստանը (4 686), Բրազիլիան (4 610) և Մեքսիկան (2 910)։
ԱՀԿ տվյալներով՝ ներկայում օմիկրոն շտամ կա գրեթե բոլոր երկրներում։ Վերջին 30 օրում այն հայտնաբերվել է կենսանյութի նմուշների 96,7%-ում, մինչդեռ դելտա շտամին բաժին է ընկնում նմուշների մոտ 3,3%-ը։
Comments