Այսօր հենց հայաստանյան իշխանություններն են մասնակցում հայի վերացման գործընթացին․ Մետաքսե Հակոբյան
Առաջ վայնասուն կբարձրանար, եթե Հայաստան գային ադրբեջանցի պատգամավորներ։ Այդ մասին այսօր Երևանի մարզահամերգային համալիրի մոտ անցկացվող ակցիայի ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա նշեց, որ Արցախից Երևան է եկել՝ մի քանի ուղերձ հնչեցնելու։ Պատգամավորի խոսքով՝ 44 օր Եվրոպան լռում էր, իսկ այսօր գոնե պետք է ականջալուր լինի և գոնե օգնի հայ գերիներին վերադարձնել հայրենիք։ «Առ այսօր մեր տղաները կտտանքների են ենթարկվում»,- ասաց նա։ Հակոբյանն անդրադարձավ նաև Արցախից տեղահանված մարդկանց՝ նշելով, որ նրանց խնդիրը լուծելու գործից իրենց ձեռքերը լվացել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի իշխանությունները։ «Այսօր հենց հայաստանյան իշխանություններն են մասնակցում հայի վերացման գործընթացին»,- շեշտեց արցախցի պատգամավորը։ Ըստ նրա՝ այսօր, առավել քան երբևէ, պետք է միասնական լինել։ Նշենք, որ այսօր «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստ է անցկացվում Հայաստանում, որին մասնակցում են նաև ադրբեջանցի պատգամավորներ։
Comments