Արմեն Սարգսյանը մեկ օր ժամանակ ունի
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Հունվարի 24-ին հրաժարական ներկայացրած հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, եթե առաջիկա մեկ օրվա ընթացքում ընթացքում հրաժարականի դիմումը հետ չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն։ Արմեն Սարգսյանն ընտրվելուց գրեթե չորս տարի անց հրաժարական էր ներկայացրել՝ նախորդ կիրակի, տարածած հայտարարությամբ մի կողմից շեշտելով, որ համազգային ճգնաժամի մեջ ենք, մյուս կողմից նշելով՝ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:
Armday.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ մինչ այս պահը խորհրդարանը Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել։ Սարգսյանը մեկ օր ժամանակ ունի, դրանից հետո նրա լիազորությունները կդադարեն և նախագահի պարտականությունները ժամանակավոր կանցնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Վերջինիս էլ խորհրդարանի նախագահի պաշտոնում կփոխարինի ամենաշատ ձայներ հավաքած փոխնախագահը, այս դեպքում՝ Հակոբ Արշակյանը։
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:
Նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Թեկնածու կարող են առաջադրել ինչպես իշխող ՔՊ-ն, այնպես էլ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չունի բավարար թվով պատգամավորներ, սեփական թեկնածուին առաջադրելու համար։
Մամուլում գրվել էր, որ իշխանության՝ նախագահի թեկնածուն ԿԳՄՍ նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, սակայն իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեկնաբանելով հրապարակումը, հայտնել էին, որ որոշում չունեն։ Մենք նաև գրել էինք, որ ընդդիմությունն ամենայն հավանականությամբ նախագահի թեկածու չի առաջադրի։
תגובות