«Հայաստան» խմբակցությունը` նախագահի թեկնածուի շուրջ քննարկումների մասին
«Հայաստան» խմբակցությունը նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներն այսօրվանից է սկսելու։Սա առնվազն հարգանք է Սահմանադրության նկատմամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և պարզաբանեց, որ միայն այսօր է Արմեն Սարգսյանի լիազորությունները, որպես Հայաստանի նախագահ, դադարել, հնգօրյա ժամկետ կա թեկնածու առաջադրելու համար: Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմությունը ևս կարող է թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է դեռևս քննարկման առարկա դառնա իրենց խմբակցությունում:
«Այս իշխանություններն օրեր առաջ ասում էին՝ մեզ հարց մի տվեք նախագահի թեկնածուի վերաբերյալ, քանի որ դեռ Արմեն Սարգսյանն է նախագահ և կարող է դիմումը հետ վերցնի, իրենք սա ասում են, 2-3 օր անց իրենք իսկ խախտում են իրենց ասածը: Նրանք նույնիսկ հայտարարել էին, որ չեն էլ ակնկալում որ իրենց թեկնածուն պետք է երեք չորրորդը ունենա, այսինքն՝ իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում»,–ասաց Վարդևանյանը:
Ինչ վերաբերվում է տեղեկությանը, որ ՔՊ-ն նախագահի պաշտոնում պատրաստվում է առաջադրել Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, Արամ Վարդևանյանն ասաց.
«Վահագն Խաչատուրյանը բոլոր դեպքերում քաղաքական թիմի անդամ է, Սահմանադրությունը ասում է, որ նախագահը պետք է առաջնորդվի համազգային, համապետական շահերով: Եթե նա քաղաքական թիմի անդամ է, ինչպե՞ս է այդպես առաջնորդվելու, ստացվում է՝ քո քաղաքական թիմին պետք է հավատարիմ չլինես»:
Դիտարկմանը, որ Վահագն Խաչատուրյանը եղել է ՀԱԿ անդամ, Վարդևանյանն ասաց.
«Եթե ՀԱԿ–ից է, դա էլ է խնդիր, նշանակում է, որ կուսակցական պատկանելիություն ունես։ Ճիշտ է, որ նախագահը լինի անկուսակցական, որոշ չափով ապաքաղաքական անձ։ Արմեն Սարգսյանը իր պաշտոնավորման բոլոր թերություններով հանդերձ՝ այս պահանջներին համապատասխանում էր և ընտրվել էր 3/4-ով»–ասաց նա:
Comments