Անժելա Նալբանդյան․ ՀՌՀ անդամի՝ ընդդիմության նոր թեկնածուն
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի թեկնածու է առաջադրել Անժելա Նալբանդյանին։
Անժելա Նալբանդյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 24-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2008թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը՝ լեզվաբան-երկրագետի մասնագիտացմամբ, իսկ 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ եվրոպագիտության մագիստրոսի աստիճանով:
2010-2013թթ. աշխատել է Արմենիա TV հեռուստաընկերության կոմերցիոն բաժնում՝ որպես գովազդային մասնագետ: 2013-2014թթ․ զբաղեցրել է «ՊանԱրմենիա Մեդիա Գրուպ» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարի պաշտոնը: 2014-2015թթ․ եղել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի գլխավոր պրոդյուսերը: 2015-2021թթ․ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ աշխատակազմի ղեկավար և PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր: Այժմ զբաղեցնում է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի փոխնախագահի պաշտոնը:
Թեկնածուին ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
ՔՊ-ական Գևորգ Պապոյանը, անդրադառնալով թեկնածուին, նշեց, որ նա քաղաքականացված է, քանի որ եղել է «Հայաստան» խմբակցության նախընտրական ցուցակում։
Ի պատասխան՝ Հռիփսիմե Ստամբուլյանը նշեց, որ վստահ է՝ Անժելա Նալբանդյանը շատ անաչառ է լինելու։
Իր ելույթում Անժելա Նալբանդյանը նշեց, որ այժմ հեռուսատեսությունն ու ռադիոն գործող բիզնեսներ են և առաջարկում են այն ամենը, ինչը հեշտ վաճառվում է։
«Մատուցվող պրոդուկտի հետ կապված դժգոհությունները շատ են, և հետևաբար, խնդրի լուծմանը պետք է լծվի ՀՌՀ-ն։ Իսկ հանրությունը քիչ տեղեկություն ունի այդ պետական մարմնի մասին։ Սա խնդիր է, քանի որ կա խնդիր, բայց մարդիկ չգիտեն՝ որն է այն լուծող մարմինը։ Այս առումով մենք աշխատելու շատ տեղ ունենք»,- նկատեց Նալբանդյանը։
Commentaires