top of page

Անգլոսաքսերն ու թուրքերը երազում են` ՌԴ-ն հեռանա ՀՀ-ից, որպեսզի ջախջախեն հայերին. Տեր-Գրիգորյանց



Գյումրիում ռուսական բազան թուրքական երկու պետությունների ագրեսիայի դեմ է ստեղծվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Հայաստանը շրջապատված է ագրեսիվ ահաբեկչական պետություններով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավորությամբ, վերջինս, նրա գնահատմամբ, ՆԱՏՕ-ի չհայտարարված անդամ է։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա ամբողջությամբ գտնվում է Անկարայի եւ Բաքվի վերահսկողության տակ։


«Երբ հարցը վերաբերում էր Զինված ուժերի ստեղծմանը, եւ երբ մենք իմացանք, որ հակառակորդի ծրագրում Ղարաբաղի գրավումն է, Սյունիքի գրավումը, Նախիջեւանի հետ միավորվելը եւ Երեւանի վրա հարձակումներ գործելը, ինձ հրավիրեցին Զինված ուժեր ստեղծելու։ Ինձ հարցրին՝ ի՞նչ ծրագրեր ունենք։ Ես առաջարկեցի Հայաստանի տարածքում Ռուսաստանի անկլավ ստեղծել (հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը), եւ իշխանությունները համաձայնեցին։ Որովհետեւ միակ դաշնակիցը, լավ թե վատ, Ռուսաստանն է, որը նույնպես ռազմական գործողությունների հարավային թատերաբեմի պաշտպանության կարիք ուներ, Հայաստանը նույնպես պաշտպանության կարիք ուներ։ Ուստի ես առաջարկեցի փակ սահմանի սահմանային ծառայություն կազմակերպել (50% հայկական ուժայիններ, 50% ռուսական ուժայիններ)։ Այնտեղ հաստատվեց 127-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիան։


Մենք բազա ենք ստեղծել, սա լոլիկի ու վարունգի պահեստ չէ, սա բազա է, ռազմական օրգանիզմ։ Այն նախատեսված է Հայաստանի անվտանգությունը առաջին հերթին ագրեսիվ Թուրքիայից պաշտպանելու համար։ Սա ամենագլխավորն է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է սերտորեն համագործակցի բազայի հետ։

Ցավոք, իմ հեռանալուց հետո Հայաստանի պաշտպանության նախարարները միմյանց հետ զզվելի ու վատ են փոխգործակցել։ Նրանք պետք է պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնեին հատկապես Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների պայմաններում։ Գյումրիի բազան կապված է Ցխինվալի եւ Աբխազիայի հետ, այն եւս մեկ Հայոց ցեղասպանություն թույլ չտալու երաշխավորն է։


Թքած այդ սահմանի վրա (նկատի ունի հայ-թուրքական սահմանի բացումը-խմբ.), դա պետք չէ։ Պետք է այդ տարածքում դադարեցնել առճակատման մթնոլորտը, իսկ բազան ոչ մի դեպքում չվերացնել։ Թուրքերի մոտ ամեն օր տարբեր տեսակետներ ու տեսություններ են հայտնվում։ Միթե լսելի չէ, թե ինչպես է Ալիեւը Երեւանն իրենը հռչակում։ Նման սպառնալիքի դեպքում բազան լիակատար ռազմական պատրաստության կբերվի եւ կկատարի առաջադրանքը՝ դա համարելով հարձակում Ռուսաստանի վրա։ Եթե մեկը հարձակվի Ռուսաստանի վրա, Հայաստանը նույնպես պետք է օգնի, ինչպես վերջերս ՀԱՊԿ-ի շրջանակներում։


Անգլոսաքսերն ու թուրքերը երազում են, որ Ռուսաստանը հեռանա Հայաստանից, որպեսզի արմատապես ջախջախեն հայերին եւ դրանով դադարեցնեն նրանց գոյությունը։ Այս դեպքում հայկական պետությունը կարող է կրկնել Ասորեստանի ճակատագիրը։ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում, Ռուսաստանի հովանու ներքո, ռազմաբազա ունենալ Կովկասում։ Որպես ռուս գեներալ՝ ես գիտեմ ռազմական քաղաքականությունը։ Երբ Սաակաշվիլին սկսեց ոչնչացնել Ցխինվալը, այնտեղ ընդամենը 70 ռուս խաղաղապահ կար, եւ նրանցից ոմանք զոհվեցին։ Ռուսաստանն իր մարդկանց համար բանակ մտցրեց Վրաստան ու ոչնչացրեց նրան»,- ընդգծեց Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page