ԱՄՆ-ը պարզաբանել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների նպատակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել՝ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի արդյունաբերական ներուժը թուլացնելու նպատակով, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անդամ Փիթեր Հարելը. մեջբերում է Reuters-ը։
«Հիմնական նպատակը միջոցներ ձեռնարկելն է, որոնք ժամանակի ընթացքում կկրճատեն Ռուսաստանի արդյունաբերական ներուժն ու արդյունաբերական արտադրական հզորությունները», - ասել է նա՝ ընդգծելով, որ նոր սահմանափակումները ուղղված չեն սովորական սպառողների գրպանին։
Ըստ Հարելի՝ ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները պետք է հրահրեն կապիտալի արտահոսք, գնաճ, ինչպես նաև ստիպեն Ռուսաստանի Կենտրոնական բանկին ֆինանսական աջակցություն ցուցաբերել այլ բանկերին, որպեսզի «Պուտինը զգա դժվարություններն առաջին իսկ օրվանից»։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան այլ պաշտոնական աղբյուրներ, սահմանափակումները կարող են ազդել ավիացիայի, ծովային գործերի, ռոբոտաշինության, արհեստական բանականության, քվանտային հաշվարկների և պաշտպանական արդյունաբերության վրա: Կրեմլը բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ Մոսկվան ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղադրելու համար։
Comments