top of page

ԱՄՆ-ն Ադրբեջանը վերածում է կասպյան էներգակիրները տարանցող երկրի



ԱՄՆ-ն կողմ է դեպի Եվրոպա գազի արտահանման ծավալների մեծացմանն ու այդ ծրագրերը մեծամասամբ կապված են Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Լի Լիտցենբերգերը:


Նա նշել է, որ Ադրբեջանը վերջերս բանակցություններ է վարել թուրքմենական գազի շուրջ: Թուրքմենական գազն Ադրբեջան կարող է մատակարարվել իրանական տարածքով, ինչը կավելացնի Հարավային գազային միջանցքի հնարավորությունները:


ԱՄՆ-ն ցանկանում է նվազեցնել Եվրոպայի գազային կախվածությունը ՌԴ-ից և այս առումով Ադրբեջանը տվյալ ռազմավարությունում կարևոր դեր է խաղալու՝ իր աշխարհագրական դիրքի և գազային ռեսուրսների շնորհիվ: Ադրբեջանը տասնամյակներ շարունակ նավթագազային ռեսուրսներ է մատակարարում դեպի եվրոպական շուկա, իսկ թուրքմենական գազի միացումը Հարավային գազային միջանցքին Ադրբեջանը գազ արտահանող երկրից վերածելու է նաև գազի տարանցման երկրի:


Վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թուրքմենական գազն Իրանի տարածքով մատակարարվելու է Ադրբեջան: Նախկինում քննարկվում էր թուրքմենական գազը Տրանսկասպյան գազամուղով՝ Կասպից ծովի հատակով Ադրբեջան, իսկ այնուհետև Եվրոպա հասցնելու ծրագիրը:


Արևմուտքն աստիճանաբար հանում է պատժամիջոցներն Իրանից և իրանական գազն ու թուրքմենական գազը կարող են մրցակցել ռուսական գազի հետ Եվրոպայում: Արևմուտք-ՌԴ լարված հարաբերությունների ֆոնին ԵՄ-ն փնտրելու է այլընտրանք ռուսական գազին:


ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ու կասպյան տարածաշրջանն ունեն կենսական նշանակություն՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծումը բխում է Վաշինգտոնի և Բրյուսելի շահերից, քանի որ այդ միջանցքը շրջանցում է ՌԴ-ն:


Կենտրոնական Ասիայի նավթագազային ռեսուրսներով հարուստ երկրները՝ Ղազախստանն ու Թուրքմենստանը կարող են իրենց էներգակիրներն արտահանել Եվրոպա՝ Արևմուտք, օգտագործելով ադրբեջանական լոգիստիկան: Ադրբեջանին ձեռնտու է դառնալ կապող կամուրջ՝ Եվրոպայի և թյուրքախոս Կենտրոնական Ասիայի երկրների միջև:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արևմուտքը ոչ մի պատժամիջոց չկիրառեց Ադրբեջանի դեմ, քանի որ Արևմուտքի համար առաջնահերթ են նավթագազային, էներգետիկ շահերը տարածաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի գեոպոլիտիկ դիրքը, որպես թուրքմենական և ղազախական էներգակիրները դեպի Եվրոպա տարանցելու համար ամենահարմար պլացդարմ:


Արտյոմ Բալասանով

Comentários


1/488

LATEST NEWS​​

bottom of page