top of page

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին ասել են՝ կկրակենք, եթե Խնաբադի բնակիչները մշակեն հողը



Ասկերանի շրջանի Խնաբադ գյուղին պատկանող ավելի քան 170 հա վարելահողերն անմշակ են մնացել։ Գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանցի զիծառայողները չէին թույլատրել, որ գյուղացիներն իրենց պատկանող հողը մշակեն։ Գյուղապետն ասում է՝ հիմա էլ չգիտեն՝ սահմանին կից գտնվող այգիներն ինչպես են մշակելու։

«Գյուղն ընդամենը 670 հա վարելահող ուներ, որի մի մասն ադրբեջանական ագրեսիայից հետո անցել է նրանց հսկողության տակ, 170 հա-ն էլ անցած տարվա աշնանը չեն թույլատրել, որ մշակենք։ Ռուս խաղաղապահներին ասել են՝ գնացեք ասեք, որ դուրս գան, չմշակեն հողը, թե չէ կրակելու ենք։ Ռուսներն էլ եկել փոխանցել են նրանց ասածը։ Էդպես էլ տապալվել է աշնանացանը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խնաբադ համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը։

Համայնքապետի ներկայացմամբ՝ խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը նույն հարցով 4-5 անգամ հանդիպել է գյուղացիներին, ադրբեջանցիների հետ էլ է հանդիպել, բայց ոչ մի արդյունք չի եղել։

«Խաղաղապահների ներկայացուցիչը եկել, ասել էր՝ ի՞նչ անենք, չեն թողնում, որ աշխատեք, ասում են՝ մեր հողերն են, կուզենք՝ թույլ կտանք, որ մշակեն, չենք ուզի՝ թույլ չենք տա»,-ասաց Շահրամանյանը։

Խնաբադը սնող խմելու ջրի ավազանը ևս անվտանգ չէ։ Շահրամանյանն ասում է՝ ինչ ուզեն, կարող են անել․ գրեթե նրանց հսկողության տակ է։

Փաստորեն, Արցախի օկուպացված բնակավայրերում տեղակայված ադրբեջանցիներն այնքան են սանձարձակ դարձել, որ խաղաղապահների ներկայությունն էլ նրանց չի կաշկանդում։

Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page