top of page

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրենին և աշխատակցին կալանավորելու որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան

«Սիներջի ինթերնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության դեպքով հարցուված քրեական գործի և  կալանավորումների վերաբերյալ փաստաբաններ Գոռ Օհանյանի և Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունը․

«Արդեն մեկ շաբաթ է՝ անազատության մեջ են պահվում «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության գործով կալանավորված անձինք։ Երեկ՝ փետրվարի 7-ին «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել են Վերաքննիչ դատարան իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։

Ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։ Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու  և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։

«Նման իրավիճակը անհեթեթ է ոչ միայն իրավունքի, այլ պարզ տրամաբանության տեսանկյունից։ Իրավակիրառ պրակտիկայում ձևավորված է հստակ մոտեցում. կատարողի արարքն ավելի ծանր է, քան դրդողինը կամ օժանդակողինը, իսկ ներկա կամ նախկին պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը ավելի հավանական է դարձնում քննությանը խոչընդոտելու ռիսկը, քան այդպիսին չհանդիսանալը։ Տվյալ դեպքում երկու պարզ սկզբունքն էլ խաթարված է» - ասել  է Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Անդրադառնալով մեղադրանքի բուն էությանը՝ փաստաբանները նշում են, որ սահմանափակված են նախաքննության գաղտնիության կարգավիճակով, ուստի կարող են ընդամենը գնահատական տալ վարույթն իրականացնող մարմնի հայտարարությանը. «Հիմնավոր չեն թե՛ խնդրո առարկա մրցույթի մասնակցության անհնար պայմաններ ստեղծելու մեղադրանքը, թե՛ անհայտ ելակետային թվից երեք անգամ ավելի թանկ հաշվարկ կատարելը։ Նախաքննության ընթացքում, և հարկ եղած դեպքում նաև դատարանում, մենք պատրաստ ենք ապացուցել մրցույթի մասնակցության օրինականությունը և ներկայացված արժեքի գնագոյացումը։ Ընդհանուր առմամբ կարևորելով թափանցիկ և հաշվետու գործեաոճը մեր պատրաստակամությունն ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին պատշաճ մասնակցելու անհրաժեշտ բոլոր դատավարական գործողություններին» - նշել է «Սիներջի ինթրնեշնըլ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբան Գոռ Օհանյանը»։

Comments


1/467

LATEST NEWS​​