Ովքե՞ր են Ալեն Սիմոնյանի իրական թիմակիցներն ու պաշտպանները․ ՔՊ-ականների վարքը՝ այսօր
Ազգային ժողովում այսօր ՔՊ-ականները վերջը խոստովանեցին, որ անչափահաս երեխաներ ունեցող կանանց, որոնք ոչ մի լուրջ հանցանք չեն գործել, կալանքի տակ պահելը, մեղմ ասած, լավ չէ։ Հատկապես, որ այդ կանանցից մեկը իրենց թիմակցի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է։
Ու հիմա ՔՊ-ականները միաձայն որոշել են, որ պետք է երաշխավորագիր ներկայացնեն՝ միջնորդելով դատարանին, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանի և նույն ընկերության գործող աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխեն ավելի մեղմ խափանման միջոցով, գոնե տնային կալանքով։ Ու տարօրինակ է, որ միջանցքներում, երբ մոտենում էինք ՔՊ-ական պատգամավորներին՝ ճշտելու, թե ճի՞շտ է, արդյոք, որ նման որոշում են կայացրել ՔՊ խմբակցության նիստում, մեծ մասն ասում էին՝ տեղյակ չենք, դեռ որոշում չունենք, բայց չէին հերքում, որ կարող են երաշխավորագիր ներկայացնել։ Բայց երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ու հետո խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասացին, որ, այո, ունեցել են նման քննարկում և պատրաստ են երաշխավորագիր ներկայացնել կալանավորված անձանց ազատ արձակելու համար, մյուս ՔՊ-ականների լեզուն արդեն բացվեց, և հաստատեցին, որ այդպիսի որոշում իսկապես կայացվել է։ Բայց նրանց մեծ մասը խուսափում էր անձամբ Ալեն Սիմոնյանին սատարող որևէ բառ ասել։ Միայն Ալեն Սիմոնյանի թիմակից ու ժամանակին նրա ղեկավարած լրատվամիջոցում աշխատած Էմմա Պալյանը հավատարմորեն գովաբանեց ու սատարեց Սիմոնյանին՝ նրա մասին ընդհուպ բարձրագոչ մտքեր արտահայտելով, թե չի հավատում, որ Սիմոնյանը կամ իր ընտանիքի անդամները կարող են ներգրավված լինել որևէ կոռուպցիոն գործարքի մեջ։ Եւ ասաց, որ ինքը պատրաստ է միջնորդել, որ ԱԺ նախագահի եղբոր կնոջ և նույն ընկերության մյուս աշխատակցի համար խափանման այլ՝ ավելի մեղմ միջոց կիրառվի։ Նա նաև ասաց, որ ինչ էլ լինի՝ ինքը մշտապես լինելու է Ալեն Սիմոնյանի կողքին, նրան չի դավաճանելու, և որ թիմում նրան բոլորը հարգում ու սիրում են։
Սա մեզ մոտ, իհարկե, զարմանք առաջացրեց, որ թիմում Ալեն Սիմոնյանին բոլորը հարգում, դեռ մի բան էլ սիրում են, ինչն էլ հարուցեց Էմմա Պալյանի զարմանքը, թե ինչու ենք մենք զարմանում։
Պալյանը, սակայն, դժվարացավ բացատրել ու թերևս իր կարողություններից էլ դուրս էր դա մեկնաբանելը, թե ինչպես եղավ, որ երբ արդարադատությունն իրենց դուռը թակեց, հանկարծ հիշեցին, որ անչափահաս երեխաների մորը կալանավորելը ճիշտ չէ, իսկ երբ նույն կերպ ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ դարձյալ մանկահասակ երեխաներ իրենց խնամքին ունեցող կանանց էին կալանավորում, օրինակ՝ Տաթև Վիրաբյանին, իրենք չէին խոսում այդ մասին, խմբակցությամբ էլ չէին որոշում միջնորդել, որ դատարանը ազատի նրանց կալանքից։ Նա դժվարացավ մեկնաբանել նաև, թե ինչու են երկու տարի կալանքի տակ պահում Մամիկոն Ասլանյանին։ Ամեն դեպքում, թե՛ Էմմա Պալյանի, թե՛ մյուս ՔՊ-ականների պատասխաններից կարելի էր կարծիք կազմել, թե ովքեր են Ալեն Սիմոնյանի իրական կամ մտերիմ թիմակիցները, ովքեր՝ նրա հանդեպ լոյալ դիրքավորվածները, և ովքեր են, առհասարակ, իրենց շատ հեռու պահում Ալենին որևէ կերպ գոնե աջակցելուց՝ թեկուզ եղբոր կնոջ գործով։
Օրինակ՝ նույն Էմմա Պալյանն, օրինակ, իր խոսքում բառացի իր հավատարմությունը հայտնեց անձամբ Ալեն Սիմոնյանին․ «Ես էն անձանցից եմ լինելու, որ միշտ լինելու է իր կողքին»։ Փոխարենը Ալեն Սիմոնյանին կամ նրա եղբոր կնոջը ո՛չ պաշտպանեց, ո՛չ էլ կատարվածը մեկնաբանեց Սիմոնյանի թիմակիցը համարվող, նախկինում նրա օգնականը եղած Հասմիկ Հակոբյանը, ինչն առնվազն տարօրինակ էր։
«Չեմ մեկնաբանում, ես չեմ արդարություն որոշողը դատարանի, եթե մեկնաբանելու լինեմ, կմեկնաբանեմ»,- եղավ Հասմիկ Հակոբյանի պատասխանը, որը, ի տարբերություն Էմմա Պալյանի, չցանկացավ անգամ կանգնել ու այդ «չմեկնաբանելը» գոնե հանգիստ պայմաններում ասել՝ առանց վազելու կամ լրագրողներից փախչելու։
Իսկ Էմմա Պալյանը կանգնեց ու «դուխով» մի քանի րոպե պատասխանեց լրագրողների անգամ ամենասուր հարցերին։ Գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ ասաց, որ իր դիրքորոշումն, ընդհանրապես, կանանց հետ է կապված, որ կանանց կալանավորումը խիստ ծայրահեղ միջոց է։ Բայց դարձյալ դժվարացավ ասել, թե ինչո՞ւ նույն գնահատականը չէին հնչեցնում, երբ ընդդիմադիր կանանց էին կալանավորում։
«Իսկ ինձ հարցրե՞լ եք, որ ասեմ»,- ասաց նա։ Առուշանյանը նույնպես Ալեն Սիմոնյանին աջակցող կամ նրա եղբոր կնոջը սատարող որևէ ուղիղ խոսք չասաց, միայն որպես տղամարդ՝ անընդունելի համարեց կանանց կալանավորելը։
Սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ ասաց, որ երաշխավորագիր ներկայացնելը կախված է խմբակցության որոշումից։ Նա, սակայն, տեղյակ չէր, որ խմբակցությունն արդեն ունի որշում։ Ինչ վերաբերում է Ալենի եղբոր կնոջն ու մյուս աշխատակցին կալանավորելուն, Ղահրամանյանն էլ իրեն չեզոք պահեց․ «Ես իրավասու չեմ մեկնաբանել»։
Փոխարենը իրեն ջենթլմենաբար ու ՔՊ-ականների համեմատ այս հարցում իրեն շատ ավելի բարձր պահեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, որին այս իշխանությունները կալանավորել էին ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, ու միայն մանդատ ստանալու ուժով նա ազատվեց կալանքից՝ չազատվելով, սակայն, նորից կալանավորվելու վտանգից։ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը բացարձակ սխալ և անընդունելի է համարում մանկահասակ երեխաներ ունեցող կնոջը ամեն գնով կալանքի տանելը։
Mediahub-ի հարցին՝ ինքը պատրա՞ստ է իր մանդատն օգտագործել և երաշխավորագիր ներկայացնել, որ Ալեն Սիմոնանի եղբոր կնոջ ու մյուս կալանավորված կանանց նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխեն ավելի մեղմ խափանման միջոցով, ասաց. «Եթե ես ինչ-որ մի երևույթի դեմ եմ, անկախ նրանից՝ դա ընդդիմության ներկայացուցչի հետ է կապված, թե իշխանության, ես սխալ եմ համարում մանկահասակ երեխաներ ունեցող կնոջը ամեն գնով կալանքի տանելը։ Ես չեմ ուզում մենք անձնավորենք, էդ երևույթը սխալ եմ համարում, և եթե ես մի բան սխալ եմ համարում, հետևաբար պատրաստ եմ նաև էդ սխալն ուղղելու համար, եթե ինձանից ինչ-որ բան հասնում է, անել»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Ի դեպ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք երեկ խմբակցության նիստում քննարկել են, դրական են տրամադրված միջնորդություններ ներկայացնել երկու կանանց և Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխելու համար, և հնարավոր է՝ հենց այսօր էլ ներկայացնեն այդ միջնորդությունը։ Բայց նա չկարողացավ ասել, թե նույն կերպ կվարվեի՞ն, եթե ընդդիմադիր գործիչներ լինեին այդ կալանավորված անձինք։
Comments