top of page

«Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների ձերբակալումների ալիքն Ադրբեջանում

«Թղթակիցներ առանց սահմանի» (ԹԱՍ) կազմակերպությունը դատապարտում է  լրագրողների ձերբակալումների ալիքն Ադրբեջանում, որն սկսվել է նոյեմբերի 20-ին, եւ կոչ է անում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրներին վճռականորեն արձագանքել դրան։ Այս մասին նշվել է  ԹԱՍ հայտարարությունում՝ ընտրությունների նախօրեին, տեղեկացրել է «Թուրանը»։

Ձերբակալվել են ԶԼՄ-ների ութ աշխատակիցներ, այդ թվում Abzas Media հետաքննող կայքի հինգ աշխատակից։ «ԹԱՍ-ը ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է անում դիմակայել ադրբեջանական վարչակարգի տնտեսական ճնշմանը եւ մանիպուլյացիաներին եւ վճռականորեն դատապարտել հավաստի տեղեկատվության հասանելիությունն արգելելու ձգտումը»,- նշված է հայտարարությունում։

 Հայտարարությունում նշված է Abzas Media-ի ձերբակալված լրագրողներ հանդեպ դաժան վերաբերմունքի մասին. նրանց թույլ չեն տալիս շփվել ընտանիքների հետ, սահմանափակում են բուժօգնության եւ տաք ջրի հասանելիությունը, պահում են վատ սանիտարահիգիենիկ պայմաններում։ Էլնարա Ղասիմովային դատարան են հասցրել ձեռնաշղթաներով, եւ նրան թույլ չեն տվել օգտվել սանհանգույցից։ Տնօերնի տեղակալ Մոհամեդ Կեկալովը նոյեմբերի 27-ին ձերբակալվելուց հետո անհետացել է երեք օրով։

Այլ ԶԼՄ-ների լրագրողները նույնպես տուժել են այս «նախընտրական որսից»։ Մասնավորապես, ձերբակալվել է Turan գործակալության տնտեսական բաժնի խմբագիր Հաֆիզ Բաբալին, որը Abzas Media-ի աշխատակիցների հետ մեղադրվում է փողերի մաքսանենգության մեջ։ Դրանից հետո նրա որդին ազատվել է բանկից, որտեղ պետք է աշխատանքի անցներ հունվարի 1-ից։

Իշխանությունները սառեցրել են Abzas Media-ի լրագրողների հարազատների, իչպես նաեւ YouTube-ալիքի «Կանալ 13-ի» տնօրեն Ազիզ Օրուջովի եւ լրագրողի (Շամո Էմինով, որը համագործակցել է այդ ալիքի հետ) բանկային քարտերը։ Արգելել են անգամ նրանց ընտանիքների թոշակների վճարումը։

Երկու այլ ձերբակալված լրագրող՝ Ռուֆաթ Մուրադլին (Կանալ-13) եւ Շահին Ռզաեւը (JAMnews) ազատ են արձակվել, առաջինը՝ մեկամսյա բանտարկությունից հետո, երկրորդը տուգանք է վճարել։

«Արտարժույթի մաքսանենգության» մեղադրանքով ձերբակալված բոլոր լրագրողներին սպառնում է ութամսյա բանտարկություն։

2014 թվականից միջազգային դոնորների հետ համագործակցության վրա արգելք է դրված։ Քանի որ գովազդի շուկան վերահսկվում է կառավարության կողմից, ոչ մի անկախ ԶԼՄ չի կարող հաջող իրականացնել իր գործունեությունը, այն դեպքում, երբ կառավարամետ ԶԼՄ-ները պարգեւավճարներ եւ պաշտոնական նպաստներ են ստանում։

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page