top of page

Բնակարանների գները կտրուկ կնվազեն, ինչը կփլուզի անշարժ գույքի շուկան. Այս փուչիկը պայթելու է. Սուրեն Պարսյան

Շինարարության հաշվին տնտեսական ակտիվություն ապահովելու փուլը Հայաստանում ավարտվում է, պետք է պետությունը գտնի տնտեսական աճի նոր գործոններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Անդրադառնալով հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի հետվերադարձի մեխանիզմին, տնտեսագետն ասաց, որ այդ մեխանիզմի կիրառումը լուրջ ֆինանսական բեռ է դարձել պետության համար. «100 մլրդ դրամ տալիս ենք միջին եւ բարձր եկամուտ ունեցող անձանց՝ խրախուսելով, որ նրանք բնակարան ձեռք բերեն: Միգուցե պետությունը պետք է նրանցից որոշ մասին աջակցի, բայց համատարած այս աջակցությունը պետական բյուջեի համար բավական լուրջ ծախսային բեռ է ստեղծում: Պետությունն այդ գումարով կարող է կառուցել բնակարաններ եւ անհատույց տրամադրել սոցիալապես խոցելի խմբերին:

Պետությունն այս ծրագիրը դադարեցնում է՝ փոխարենը սոցիալապես անապահով խավին ոչինչ չառաջարկելով, ինչը անտրամաբանական է: Այս պահին չունենք այլ ծրագիր, պետությունը որոշել է գիծ քաշել ու դադարեցնել գործող ծրագիրը, բայց նոր ծրագիր չի առաջարկում»,-ասաց նա:

Սուրեն Պարսայնի խոսքով, այս ծրագրի արդյունքում ունեցել ենք բնակարանաշինական բում, փուչիկ, որը ուշ, թե շուտ տրաքելու է:

«Աջուձախ շինթույլտվություն տրամադրող քաղաքապետարանը հաշվի չի առել, որ մայրաքաղաքի ենթակառուցվածքները պատրաստ չեն այդքան բնակարան ապահովել այդքան գազով, ջրով կոյուղաջրերի հեռացման համակարգով: Այդքան բնակարանի պահանջարկ էլ չկա:

Արդեն իսկ կան տեղեկություններ, որ շինարարական կազմակերպությունները չեն կարողանում իրենց աշխատողների աշխատավարձերը վճարել: Իրենց  նախատեսած չափով չեն կարողանում բնակարանները վաճառել: Ասենք, նախատեսել էին ամսական 30 բնակարան վաճառել, բայց 1-2-ն են վաճառում:

Կարծում է, որ բնակարանների գները կտրուկ կնվազեն կառուցապատողները ստիպված են լինելու վերանայել գները, ինչը կփլուզի անշարժ գույքի շուկան:

Բնկարանների գների  կտրուկ անկման դեպքում մարդիկ կդադարեցնեն իրենց հիփոթեքային վարկերը վճարել: Եթե իրենք բնակարանը ձեռք են բերել 100 հազար դոլարով, բայց հիմա գինն իջել է 50 հազար դոլարի, իրենք այդ բնակարանից կհրաժարվեն, քան կշարունակեն վճարել:

Այս ոլորտը բավականին լուրջ ռիսկեր է գեներացրել եւ կառավարությունը, բանկային համակարգը փորձում են հնարավորինս պահել, որ պայթյուն չլնի, բայց լինելու է ուշ, թե շուտ: Խնդիրն այն է, թե որքան կկարողանանք նվազեցնել վնասները մեր տնտեսության համար»,- հայտարարեց նա:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page