Ադրբեջանական զինծառայողները գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ. Արման Թաթոյանը Ներքին Հանդում էր
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը փետրվարի 16-ին այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր, որի ուղղությամբ Ադրբեջանն օրեր առաջ կրակոցներ էր արձակել:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո մեր բնակչությանն ապրելակերպն օր օրի վատանում է»,- նշել է Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաբայանը:
Նրա խոսքով, այդօրվա դրությամբ գերեզմանոցը, արոտավայրերը, եկեղեցին թշնամու վերահսկողության տակ են:
«Պատերազմի ժամանակ մեր խմելու ջրի ակունքները բարձունքից էին գալիս, որն այսօր թշնամին զավթել է», - հավելեց նա:
Գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, թե տարուց ավելի է՝ չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին:
«Տարուց ավելի է՝ հող չենք մշակում: Կրակում են, բայց մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Թուրքն ա մեղավոր, միշտ կրակում է մեզ վրա», - նշել է նա:
Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնեց, թե հակառակորդը շատ մոտ է գտնվում՝ ցույց տալով կրակոցների վնասները:
Արման Թաթոյանը հայտնեց, թե Ներքին Հանդ գյուղում փաստահավաք աշխատանքներն ապացուցել են, որ ադրբեջանական կրակոցները, որոնցից զոհվել էին հայ զինծառայողները, արվել են այն վայրերից, որտեղ ներխուժել են:
«Նրանց ներկայության պատճառով մարդիկ խմելու ջուր չունեն: Ադրբեջանական զինված ծառայողները նաև գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ: Դրա պատճառով գյուղի երեխաների, կյանքը, առողջությունն ու անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է: Մարդիկ չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ: Արձանագրվում են նաև ականների պայթյուններ», - նշեց նա, հավելելով, որ մարդիկ ապրում են վախի պայմաններում:
Comments