top of page

Եթե ժողովուրդը չգնա այդ քվեարկությանը, այդ Սահմանադրությունը չի ընդունվի․ ՔՊ պատգամավոր

Հայաստանի Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, դա մեր ներքին գործն է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել փոխել ՀՀ Սահմանադրությունը, որտեղ իրենց կարծիքով տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ:


«ՀՀ Սահմանադրությունը փոխելու, այնտեղ փոփոխություններ անելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Այդ սուբյեկտներից որեւէ մեկը կորոշի օգտվել այդ իրավունքից, կանի այդպիսի առաջարկ սահմանադիրինի, այսինքն ժողովրդին, կանի, ժողովուրդն էլ կորոշի՝ ուզի կփոխի, չի ուզի՝ չի փոխի: Դա բացարձակապես նման իրավունք ունեցող սուբյեկտների որոշելիքն է, եւ բացարձակապես այդ որոշողների առաջարկը ընդուող կամ չընդունող սուբյեկտի, սահմանադիրի, այսինքն ժողովրդի որոշելիքն է: Դա բացարձակապես կապված է ՀՀ ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Չի կարող դա որեւէ կերպ կապ ունենալ որեւէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, դա տեղի ունենալ չի կարող եւ վստահաբար այդպես տեղի չի ունենալու»,-ասաց նա:


Հարցին՝ արդյոք փոխվելու են այն բոլոր դրույթները, որոնց հետ կապված Ադրբեջանը խնդիրներ է տեսնում, Պապոյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Եթե Հայաստանում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավեռլ զանգված եւ այդ զանգվածի քվեարկությունը 50+ տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրությունը կամ տեղի կունենան սահմանադրական փոփոխություններ: Եթե չի հավաքվի, պա Սահմանադրությունը չի փոխվի: Սա նշանակում է, որ ՀՀ-ում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը, եւ եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, նա կողմ չի քվեարկի»:


Նա կարեւորեց, որ 2018-ից հետո Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել եւ չեն կեղծվելու. «Եթե Սահմանադրությունը փոխվի հանրաքվեով, մենք բոլորս պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, նորից պետք է հաշտ լինենք: Անթույլատրելի է, որ անգամ մեկ քվե կեղծվի, եւ չպետք է կեղծվի: Ես ինքս պայքարելու եմ, որ մեկ քվե չկեղծվի: Հաղթանակն է, որ ոչ թե իմ սրտով բան է ընտրվում Սահմանադրության մեջ, կամ ձեր, այլ այն, որ ժողովրդի սրտով է, ժողովրդի մեծամասնության քվեարկությամբ:


Մեր խնդիրը նրանից է գալիս, որ ինչ-որ էլիտաներ որոշել են, որ այդպես պետք է լինի, այնուհետեւ գնացել են ընտրակեղծիքներով ընտրվել են, անցել են հանրաքվեներով: Եթե բովանդակությունը ժողովրդի սրտով է, ուրեմն դա է ճիշտը, եթե այդ բովանդակությունը ժողովրդի սրտով չի, դա սխալ է, էական չէ, թե ինչ է այնտեղ գրված»:


Հարցին՝ արդյոք ժողովուրդը խնդրել է փոխել Սահմանադրությունը, ՔՊ-ական պատգամավորը կրկին նկատեց, որ Սահմանադրությունը փոխելու սուբյեկտներ կան, որոնց շարքում են ժողովուրդը, ԱԺ-ին եւ այլն. «Կարեւորը դա չէ, այլ այն, որ ժողովուրդն է որոշելու: Նախկինում եթե իշխանությունն ասում էր, որ պետք են սահմանադրական փոփոխություններ, դրանք անպայման տեղի էին ունենում: Հիմա այդպես չի, եթե ժողովուրդը չգնա այդ քվեարկությանը, այդ Սահմանադրությունը չի ընդունվի: Հիմա ժողովրդի ձայնը լսելի է»:


Դիտարկմանը, որ եթե ժողովուրդը դեմ քվեարկի, Ադրբեջանում կհասկանան, որ Հայաստանի ժողովուրդը դեմ է, որ Անկախության հռչակագրի հայտնի հղումը հանվի, արդյոք դա զսպելու է Բաքվին, թե հակառակը, Պապոյանն ասաց. «Դրանք փոխադարձ կապերով հարցեր են»:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page