top of page

Լոնդոնը հրաժարվել է Անկարայի հետ համաձայնագիր կնքել

Բրիտանական իշխանությունները հրաժարվել են Թուրքիա անօրինական ներգաղթյալներին արտաքսելու մասին համաձայնագիր կնքելու մտքից՝ երկրում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ՆԳՆ փաստաթղթերը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Գերատեսչության կարծիքով՝ Թուրքիան «չի համապատասխանում ընդհանուր անվտանգ պետություն կոչվելու չափանիշներին»։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում ապաստան հայցողների մեծամասնությունը հանրապետության գործող իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներն են, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, Քրդստանի աշխատավորական կուսակցության և Գյուլենի շարժման կողմնակիցները:


Թագավորության ՆԳՆ-ում նշել են, որ Թուրքիան չափազանց լայնորեն է կիրառում հակաահաբեկչական օրենսդրության դրույթները, ինչպես նաև կասկածներ են հայտնել երկրի դատական համակարգի անկախության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Ըստ The Times-ի, բրիտանական կառավարությունը կարող է վերադառնալ Թուրքիայի հետ գործարքին, եթե կողմերին հաջողվի առանձին համաձայնագիր կնքել, որն անհնար կդարձնի Մեծ Բրիտանիայից արտաքսված թուրք փախստականների հետապնդումն իրենց հայրենիքում:


Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունն առաջացել է Թուրքիայից անօրինական ներգաղթյալների թվի աճի ֆոնին, որոնք փորձում են Լա Մանշի նեղուցով փչովի նավակներով մուտք գործել Մեծ Բրիտանիայի տարածք: 2023 թվականին այդ թիվը 2022 թվականի համեմատ աճել է 162% -ով։ Ընդգծվում էր, որ Լոնդոնը հույս ուներ կնքել համաձայնագիր, որը նման կլինի Ալբանիայի հետ բրիտանական գործարքին։ Լոնդոնի և Տիրանայի միջև պայմանավորվածությունների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում անօրինական ալբանացի ներգաղթյալների թիվը կրճատվել է 90% - ով:


Անօրինական միգրանտների թիվը, որոնք Լա Մանշով նավակներով հասնում են Անգլիայի ափեր, վերջին տարիների ընթացքում անշեղորեն աճել է։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականից ի վեր նման երթուղով Մեծ Բրիտանիա են տեղափոխվել ավելի քան 110 հազար ապօրինի ներգաղթյալներ՝ չնայած իշխող Պահպանողական կուսակցության՝ անօրինական ներգաղթին հակազդելու խոստումներին:

Comentários


1/470

LATEST NEWS​​

bottom of page