top of page

ԱԳՆ-ն զբաղված է ընդդիմադիրների հարցազրույցները և հրապարակային խոսքերը քննելով. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի եւ Արթուր Խաչատրյանի համատեղ հայտարարությունը.

Այսօր ԱԳՆ-ում ծանոթացել ենք Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024 թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա, և առաջարկների նախկին փաթեթներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած բոլոր մտահոգությունները, կապված ՀՀ-ի կողմից որևէ հավելյալ  անվտանգային երաշխիք չստանալու, ուժի և ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ,  պահպանվում են։

Սակայն, ուշագրավ ենք համարում հետևյալ հանգամանքը.  պայմանագրի կետերին ծանոթանալու ընթացքում ԱԳՆ աշխատակիցները մեզ ակնարկեցին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների և կեղծ խաղաղության թեզի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված մեր ջանքերը հայտնվել են համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, և ԱԳՆ֊ն  ուսումնասիրում է մեր կողմից գաղտնի տեղեկությունների չհրապարակայնացման դրույթը խախտելու հանգամանքների առկայությունը։

Փաստորեն, Ադրբեջանի նախագահի` ՀՀ-ին և հայ ժողովրդին ամենօրյա ռեիժիմով ուղղվող սպառնալիքների ֆոնին, ՀՀ ԱԳՆ֊ն  զբաղված է ընդդիմադիր պատգամավորների հարցազրույցները և հրապարակային խոսքերը քննելով։ Հայտնում ենք, որ մենք սա գնահատում ենք ուղիղ սպառնալիք և պատգամավորական գործունեությանը խոչընդոտող քայլ, միաժամանակ`   տեղեկացնում, որ շարունակելու ենք մեր ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային  իրազեկվածության բարձրացմանը միտված մեր գործունեությունը։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page