Գյումրու 26-ամյա բնակիչն ավելի քան 315 մլն դրամ է հափշտակել
Գյումրի քաղաքի 26-ամյա մի բնակիչ խարդախությամբ տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար է հափշտակել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեռ 2019 թ․ մայիսին, Երևանի բնակիչ, ՍՊԸ տնօրեն Ս․Դ-ն հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018 թ․ հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս․Խ․-ի հետ։ Վերջինս պետք է մայնինգ կատարող սարքեր ձեռք բերեր ու այդպիսով երկուսով շահույթ ստանային, սակայն Ս․Խ․-ն խոշոր չափի գումար է հափշտակել Ս․Դ․-ից։
Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սխեմատիկ բնույթի խարդախություններ է իրականացրել, սակայն շղթան բացահայտվել է։
«Շահույթ ստանալու պատրվակով՝ Ս․Խ․-ն, ինչպես Ս․Դ․-ին, այնպես էլ մի քանի այլ անձի առաջարկել է գնել նյութական արժեք ներկայացնող և իբրև թե համապատասխան կրիպտոբորսայում վաճառելու հնարավորությամբ օժտված մայնինգ կատարող սարքեր, և հիշյալ անձացից մոտ մեկ տարի շարունակ խաբեությամբ ստացել ընդհանուր 315․ 788․ 602 ՀՀ դրամ գումար։ 26-ամյա երիտասարդը ՍՊԸ-ի տնօրենին վստահեցրել է, որ անձամբ է զբաղվում այդ սարքերի ներմուծմամբ ու վստահություն ներշնչելու համար ցույց է տվել հեռախոսում գրանցված բանկային հաշվիներին ստացված գումարներ։ Դրանից հետո առաջարկել է այդ գործարարին 2400 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Antminer Z9 mini» սարք, որի շնորհիվ իբրև թե կարող է ամսական 280 000 ՀՀ դրամի շահույթ լինել»,- ասված է հաղորդագրությունում։
Ս․Դ․-ն համաձայնել է, ինչից հետո երիտասարդը 1 ամիս անց մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում է ներկայացրել՝ որպես «Antminer Z9 mini» ու առաջարկել է այն տեղադրել իբրև թե իր հորը պատկանող, բայց իրականում գոյություն չունեցող գործարանում։
Հետագայում, երիտասարդը գործարարին առաջարկել է տասնյակ այլ սարքեր ևս գնել, ինչի դիմաց ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով՝ մաս-մաս, ստացել է ընդհանուր 811 000 ԱՄՆ դոլար գումար, որից որից 25 949 232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս․Դ․-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:
Այնուհետև, Ս․Խ․-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները ու շուրջ 40 բարձր որակի և եկամտաբերությամբ սարք տրամադրելու փոխարեն գործարարին ավելի ցածր հատկանիշներով սարքեր է տվել՝ հափշտակելով նրանցից 13 468 763 ՀՀ դրամ։
Հետագայում երիտասարդը տեղեկացել է նաև, որ գործարարի ընկերներն ու մտերիմները նույնպես ֆինանսապես ապահովված են ու նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եղել։ Նրանց միջոցով էլ տասնյակ այլ անձանց հետ է իբրև թե գործարքի մեջ մտել ու բոլորից խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Երիտասարդի հանցավոր գործողություններից տուժել է 23 անձ։
Գյումրու բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով։ Պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։ Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
Comentarios