top of page

Այսօր Բուն բարեկենդանի օրն է. Մեծ Պահքին նախորդող օրը


Այս տարի Բուն բարեկենդանը կնշվի փետրվարի 11-ին։ Հայտնում է qahana.am-ը:



Բուն Բարեկենդանը հիշեցնում է դրախտային կյանքը, Մեծ Պահքը հուշում է` ինչպես վերադարձնել հավիտենական ուրախությունը


 


Այսօրվան հատուկ են ուրախությունը, խաղերը, երգն ու պարը. Բարեկենդան է: Այսպես է կոչվում պահքին նախորդող օրը: Մեծ Պահքից առաջ տոնում ենք Բուն Բարեկենդանը: Այդ օրը կազմակերպվում են տոնախմբություններ, քանի որ հաջորդ օրվանից պետք է ապրել պահեցողությամբ, հրաժարվել կենդանական ծագման սննդից, վատ մտքերից, խոսքերից ու գործերից:  


 


«Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): 


 


Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք: Այն հիշեցնում է դրախտային կյանքը, նշում է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը.



«Մարդը բարի կենդանության մեջ էր, անմահ էր, դրախտը տրված էր վայելքի համար, բայց կար արգելք՝ չուտել պտուղը: Մարդու զանցանքի պատճառով ամբողջությամբ փոխվեց աստվածային տնօրինությունը: Մարդը դարձավ մահկանացու, զրկվեց բարի կենդանությունից, ընկավ չարչարանքների երկիրը, որտեղ պետք է իր քրտինքով վաստակեր հացը, հաճախ չարդարանային հույսերը»:


 


Այս ամենից հետո Տերը մարդուց երես չթեքեց:


 


«Աստված տվեց հնարավորություն իրեն մոտենալու, սկզբում՝ դա զոհաբերությունների, աստվածապաշտ կյանքի, պատվիրանները պահելու միջոցով էր: Եկավ Քրիստոս ու դարձավ վերջին զոհը՝ մարդկանց պարգևելով կենդանության, հաղթանակի հույսը»,- նշում է քահանան: 


 


Բուն Բարեկենդանը մարդուն հիշեցնում է իր երջանիկ վիճակը, իսկ Մեծ Պահքը հուշում է, թե ինչպես կարելի է վերադարձնել հավիտենական ուրախությունը:


 


«Մեծ Պահքի շրջանը՝ ոսկե կիրակիներով, կոչված է մարդուն հիշեցնելու իր տեսակը՝ որտեղի՞ց էր, ո՞ւր ընկավ և ի՞նչ ճանապարհ պետք է անցնի: Ամեն կիրակի իր խորհուրդն ունի, տեսնում ենք մարդկային կյանքի փուլերը: Այս կիրակիների հերթականությունը կոչված է մարդուն հիշեցնելու՝ այո, դու մեղավոր ես, բայց դու հույս ունես, չփակվես քո մեջ, փորձիր վերստին կանգնել ոտքի: Բավական է, որ դու անկեղծ զղջաս և Աստծուն ընդունես՝ որպես քո փրկիչ»:


 


Այս ընկալմամբ քրիստոնյաները հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, սկսում են Մեծ Պահքի ճանապարհը, որը տևում է մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:


 


Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության շրջանը: 


 


Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգության ժամանակ, փակվում են եկեղեցիների վարագույրները։ Դրանք բացվում են միայն Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է Ծաղկազարդի տոնին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Ս. Գրիգոր Լուսավորչի՝ մուտն ի վիրապ տոնին, Տեառընդառաջի ու Ավետման տոներին, եթե վերջիններս հանդիպում են Մեծ Պահքի ընթացքում: Մինչև Ս. Հարության տոն Ավետարանն այլևս չեն համբուրում։ Այն խորհրդանշում է Ադամի ու Եվայի զրկվելը Կենաց Ծառի պտղից: 


 


Բուն Բարեկենդանը, թեև ուրախության, վայելքների օր է, բայց չեն խրախուսվում չափազանց ճոխ ու առատ սեղանները: Աստվածաշնչում նշվում է. 


 


«Որդյա՛կ, երբ մեղր գտնես, չափո՛վ կեր. որ չհագենաս և չփսխես» (Առակներ 25:16):

Comments