top of page

Վեց անձ սալմոնելոզով դիմել է հիվանդանոց. բոլորը նույն սրճարանում ձու եւ ձուկ էին կերել


Փետրվարի 8-ին և 9-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» վեց անձ է դիմել աղեստամոքսային խնդիրներով։ Պարզվել է՝ բոլորը սնվել են նույն՝ Երեւանում գտնվող «Ջուլիս» սրճարանում։ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից» NEWS.am-ին հայտնեցին, որ բոլոր պացիենտներն ունեցել են նույն ախտանշանները՝  ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն։ Հետազոտությունը բոլորի մոտ հաստատել է սալմոնելոզ հիվանդության առկայությունը։

Բոլոր վեց պացիենտները արդեն դուրս են գրվել։ Նրանցից երկուսը օտարեկրյա քաղաքացիներ են եղել։

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ քաղաքացիները սրճարանում հիմնականում ձու եւ ձուկ են կերել։ Ահազանգը ստանալու անմիջապես հետո  սրճարանը վերահսկողության տակ է առնվել, նմուշառումներ են վերցվել։ Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան վաղը։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից» անդրադարձան նաեւ համացանցում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի, երկու արտասահմանցիներից  մեկ օրվա հիվանդանոցային ծախսերի համար 90 հազար դրամ է գանձվել։ «Սալմոնելոզի դեպքում ՀՀ քաղաքացիների բուժումը կատարվում է ամբողջությամբ անվճար։ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար բուժումը վճարովի է՝ յուրաքանչյուրի համար 1 մեկ օրվա արժեքը 45 000 դրամ է», – հայտնեցին կենտրոնից։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Աուրիկա Օսիելսկին նախօրեին գրել էր «Ջուլիս»  սրճարանում տեղի ունեցած թունավորման մասին՝ նշելով, որ ուշքի է եկել միայն յոթերորդ օրը։«Նախաճաշին կերել ենք «Բենեդիկտ» ձու սաղմոնով, ձվածեղ և երկու սուրճ: Թունավորումը ամենածանր ձևով՝ տենդ, ջերմություն, ցնցումներ, ամենադաժան սպազմ, անթիվ փսխումներ, աննախադեպ լուծ։

Շտապօգնությունը երկու անգամ եկավ, վերջում մենք հայտնվեցինք ինֆեկցիոն հիվանդանոցում՝ ջրազրկված, կիսաուշաթափ վիճակում՝ սոսկլի նոպաներով, որ ցավից լացում ու գոռում էի։ Մեկ օր անց մեր բաժնում արդեն 6 հոգի կային, որոնք նույն սրճարանում սնվել էին»,- գրել է նա։

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page