Դոնալդ Թրամփը կրկին կանխատեսել է Երրորդ համաշխարհային պատերազմը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում իր ելույթի ժամանակ պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը՝ այդ թվում ևս մեկ անգամ կանխատեսելով Երրորդ համաշխարհային պատերազմի մոտենալը։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքով՝ աշխարհը երբեք երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ չի եղել, ինչպես հիմա է։
Ըստ Թրամփի՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները սարսափելի էին, բայց Երրորդ համաշխարհային պատերազմը նման չի լինի դրանց և իր մասշտաբներով կարող է լինել շատ ավելի ծավալուն՝ վերածվելով «ոչնչացման»։
Այս կապակցությամբ ԱՄՆ նախկին նախագահը հիշեցրել է, որ յուրաքանչյուր ելույթում ասում է, որ ի վիճակի է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ «ես ճանաչում եմ բոլոր այդ մարդկանց»։
Պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե ինչ է նա մտածում ԱՄՆ նախագահի թեկնածուների՝ Ուկրաինային զինելու կոչերի մասին, որպեսզի պատերազմը շարունակվի, Թրամփը նշել է. «Ռուսները ռազմական մեքենա են։ Նրանք հաղթեցին Հիտլերին։ Նրանք հաղթեցին Նապոլեոնին։ Սա այն է, ինչ նրանք անում են»:
ԱՄՆ նախկին նախագահը նաև կոշտ քննադատության է ենթարկել իր քաղաքական հակառակորդին՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին՝ մեղադրելով նրան «միգրանտների ներխուժման» դեմ պայքարելու անկարողության մեջ։
Հազարավոր միգրանտներ ամբողջ աշխարհից հատում են ԱՄՆ-ի սահմանը, ասել է նա, «և մենք նույնիսկ չգիտենք, թե ովքեր են նրանք»:
Դոնալդ Թրամփի կարծիքով, նրանցից շատերը նստած են եղել բանտերում կամ բուժվել հոգեբուժարաններում, սակայն, ըստ ԱՄՆ նախագահի թեկնածուի, Ջո Բայդենն ի վիճակի չէ լուծել այս խնդիրը, քանի որ «անիրազեկ» է։
«Ամենալավը, որ նա կարողանում է անել, ընտրություններում խարդախելն ու հակառակորդներին հետապնդելն է», - ասել է Դոնալդ Թրամփը։
Comments