top of page

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ սենատորների բանաձևը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ սենատորների բանաձևը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշված է. «Հայտնի է դարձել, որ ԱՄՆ սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ պահանջելով համապատասխան զեկույց Ադրբեջանում մարդու իրավունքների դրության վերաբերյալ։ Սպասվելիք զեկույցը կարող է հիմք հանդիսանալ Կոնգրեսի համար փոխելու կամ դադարեցնելու ԱՄՆ անվտանգության աջակցությունն Ադրբեջանին:

Բանաձևը պահանջում է պետքարտուղարին մանրամասն տեղեկություններ հաղորդել և՛ Ադրբեջանի ներսում մարդու իրավունքների խախտումների, և՛ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ և դրանց հետևանքով իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ։

Բանաձևին են միացել նաև այլ սենատորներ՝ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ սենատորների նախաձեռնությունը։ Մենք միակարծիք ենք սենատոր Էդ Մարքինի այն ընդգծմանը, թե Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է։ Ավելին՝ միջազգային հանրությունն ուշացել է նախաձեռնողականության և հստակ ու վճռական քայլերի առումով։

Մենք բազմիցս արձանագրել ենք, որ Ադրբեջանի կատարած հանցանքներին անհամաչափ արձագանքն է տպավորություն ստեղծել Ադրբեջանի նախագահի մոտ, թե միջազգային իրավունքը միայն թույլ երկրների համար է, և որ Ադրբեջանն արդեն այնքան հզոր է, որ կարող է հրաժարվել միջազգային իրավունքի սկզբունքներից՝ մնալով անպատիժ։ Այս իրողության գործնական արտահայտությունն է դառնում հանցածին գործոնը՝ պատճառ դառնալով այնպիսի հանցանքների, ինչպիսին էթնիկ զտումն է կամ մշակութային ցեղասպանությունը։

Comments