top of page

Տունը հիմնովին փլուզվել է․ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը՝ տեղի ունեցած պայթյունի մասին

Էրեբունի վարչական շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։

«Այս պահին դեպքի վայրում ենք, պայթյունը եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում։ Դեռ չգիտենք նախնական տվյալներով, թե ինչու է պայթել։ Հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։ Վիզուալ տեսանկյունից դա ենք տեսնում»,- ասել է նա։

Բալայանի խոսքով՝  փրկակարար ծառայության աշխատակիցները աշխատանքներ են տանում, այժմ դժվար է ասել, թե պայթյունի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան, թե ոչ։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

Comments