top of page

Եկեղեցուն բոյկոտող «հավատավորները»

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, սովորության համաձայն, չեն մասնակցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվող Հայրապետական Սուրբ Պատարագին և Ջրօրհնեքի կարգին: 

Սա փաշինյանական իշխանության բերած նորամուծությունն է, քանի որ նա անկախ Հայաստանի 5 ղեկավարներից միակն է, որ չի մասնակցում Առաքելական եկեղեցու տաղավար տոներին մատուցվող պատարագներին։ Թե ինչո՞ւ, բազմաթիվ կարծիքներ կան, պաշտոնական մեկնաբանություն՝ ոչ։ Թեև, որպես պաշտոնական մեկնաբանություն կարող ենք ընդունել Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով չհեռարձակելը․ Փաշինյանի իշխանությունը դեմ է գնում եկեղեցուն, և այսկերպ իր բոյկոտն է հայտնում։ 

Հիշեցնենք, որ այս բոյկոտն ավելի մեծ թափ առավ 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո՝ 2021 թ-ին Փաշինյանը չմասնակցեց պատարագին, պատճառաբանությունն էլ այն եղավ, թե իբր Փաշինյանը քովիդի պատճառով մեկուսացման մեջ է։ Իսկ թե ինչու 2022, 2023 և 2024 թվականներին նա չի մասնակցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած պատարագին, որևէ բացատրություն չկա։

Նշենք, որ երեկ էլ բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցված Ճրագալույցի Սուրբ Պատարագին, որը մատուցում էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Թեև, երեկ «շատ ավելի կարևոր գործ ունեին»՝ ԱԺ նախագահի ծնունդն էին նշում։ 

Նկատենք, որ եկեղեցու դեմ բոյկոտին մասնակցում են բոլոր հավատարիմ փաշինյանականները։ Բացառությունը թեև Տիգրան Ավինյանն է, որ 2023 թվականի ապրիլի իննին մասնակցել է Սուրբ Հարության պատարագին։ 

Հավելենք, որ այսօր պատարագը մատուցվում էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Վաղ առավոտից MediaHub-ի նկարահանող խումբը եկեղեցում էր․ որևէ պաշտոնյայի այնտեղ չհանդիպեցինք։ Միայն ընդդիմադիր մի քանի պատգամավորներ էին մասնակցում պատարագին և նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ։ 

Չնայած սրան, շարքային քաղաքացիները մեզ հետ զրույցում հույս էին հայտնում, որ համախմբում կլինի, որ եկեղեցին նորից կդառնա այն կորիզը, որն իր շուրջ է համախմբում մարդկանց։ 

Նարե Գնունի



Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page