top of page

Նախագահի չիրացված պոտենցիալը փախուստ էր հայկական շահերից. Հակոբյան



Նախագահի չիրացված պոտենցիալը փախուստ էր հայկական շահերից…


Երբ Արմեն Սարգսյանը խոսում էր լիազորությունների բացակայության մասին՝ հիմնավորելով, ըստ էության, իր, ավելի շուտ՝ նախագահական պաշտոնի անպետքությունը, պետք է հիշել նույն ժամանակահատվածում գործող մեկ այլ պաշտոնյայի՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին:


Երկու պաշտոններում էլ գործող անձինք չունեն գործադիրին հատուկ կամ այդ որոշումների վրա ազդող լիազորություններ: Երկուսի դեպքում էլ այդ կանոնից ամենաիրական բացառությունը (որոշումների վրա ազդելու տեսանկյունից) Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունն է: 




Բազմիցս Հանրապետության նախագահը հրաժարվել է դիմել Սահմանադրական դատարան (ինչ-որ տեխնիկական պատճառներ կամ բացատրություններ առաջ բերելով), երբ հնարավորություն է եղել կանխել Սահմանադրության ոտատակ տալը (օրինակ՝ Սահմանադրական դատարանի կազմի փոխելը Սահմանադրության նորմերին հակառակ) կամ տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել ոչ ի օգուտ կապիտուլյացիոն և աղետաբեր իշխանություններին (օրինակ՝ Գլխավոր շտաբի պետին պաշտնոից ազատելու իրավական ակտը ՍԴ չուղարկելը):


Էլ չեմ խոսում դա անելու եղանակի ապօրինի լինելու մասին, երբ նախագահը ասում էր, որ համաձայն չէ ակտի ասելիքի հետ կամ նույնիսկ սահամանդրականության խնդիր է տեսնում, բայց չստորագրելու որոշում է կայացնում, որպեսզի իրավական ակտը ուժի մեջ մտնի իրավունքի ուժով: Վերջին կտորի մասին, այն է, որ Նախագահը իրավունք չունի չստորագրելու սահմանադրական վերահսկողության առարկա իրավական ակտը, խոսել են նաև շատ գիտնականներ, ինչի պատճառով հարցի վրա չաժե շատ ծանրանալ:




Բացի Սահմանադրական դատարան դիմելուց և այլ կարևոր գործերից ՄԻՊ-ը իրականացնում էր փաստահավաք աշխատանանքներ, հատկապես սահմանին ապրող քաղաքացիների իրավունքների պաշտպանության առումով: Որն ավելի կարևոր է, ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանանքերի վերլուծության արդյունքում առաջարկներ էր ներկայացնում միջազգային հանրությանը, ՀՀ իշխանություններին և բազմաթիվ դեպքերում կոշտ քննադատություն էր հայտնում մարդու իրավունքները չհարգող կամ անգործություն ցուցաբերող պաշտոնյանների հասցեին: Միջազգային հանրության հետ աշխատանքի մասով ՄԻՊ ամենահետաքրքիր օրինակներից մեկը ՀՀ և Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտու գաղափարի հեղինակումն էր և հետևողական առաջ տանումը:


Արդյո՞ք Նախագահը չէր կարող բազմաթիվ խնդիրների, սուր անկյունների մասին խոսել հրապարակային կերպով ժողովրդի հետ, խոսել իշխանության հետ, քննադատել, եթե հարկն է իշխանության հակապետական քայլերը: Մեկ բառով, եթե ասենք՝ պայքարեր հանուն երկրի շահերի: Այս դեպքում, նախագահը ուներ առավելություն ՄԻՊ-ի նկատմամբ. Նա ուներ պետության գլխի ստատուս և պաշտոնի անհամեմամտ բարձր, քաղաքական հեղինակություն, էլ չեմ խոսում իր անձնական կապերի մասին:


Ինձ կարող են, ասել Հանրապետության նախագահը միևնույնն է բան չէր կարողանա փոխել…



Նախևառաջ նախագահը հրապարակային խոսելով կառավարության անթույլատրելի սխալների մասին, միջազգային ատյանների մոտ բարցրաձայնելով Ադրբեջանի հանցագործ և թշնամական վերաբերմունքը ՀՀ նկատմամբ, մի կողմից, որպես պետության ևս մեկ գործիք կծառայեր ՀՀ շահերի սպասարկմանը, իսկ մյուս կողմից՝ կնպաստեր մեր բնակչությանը՝ իրերի իրական դրությունը բացատրելու, կրթելու, այդ մարդկանց մոտ իշխանություններին ուղղված ճիշտ պահանջմունքներ ձևավերու բացառիկ կարևորության գործին:


Միայն այս կարևոր նպատակներին ծառայելու անխոնջ և անձնազոհ մի քանի տարիներ անցկացնելու արդյունքում Հանրապետության նախագահը իրավունք գուցե ունենար նախագահական նստավայրից, այլ ոչ թե անհայտ ծակուծուկերից, ուղերձով դիմել ժողովրդին՝ ներկայացնելով հաշվետվություն արվածի մասին, ինչպես նաև բացատրելով հետագա աշխատանքը շարունակելու անհնարինությունը, կամ հրաժարականի միջոցով մարդկանց սթափեցնելու գործին ևս մեկ ներդրում ունենալու անհրաժեշտությունը:


Հետևաբար, ամենակարևոր խնդիրը ճիշտ նպատականեր և շարժառիթներ ունենալու մեջ է, իսկ Նախագահի չիրացված պոտենցիալը ուղղակի փախուստ էր հայկական շահերից:




Comments