Շուշիի հռչակագրից դեպի հայկական մանիֆեստ․ Արմեն Գևորգյան
Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում եւ կանգնած է պոտենցիալ պատերազմի առջեւ։ Դրանից խուսափելու համար շատ երկրներ փորձում են քննարկում սկսել Եվրոպայում անվտանգության եւ ռազմավարական կայունության նոր կարգի շուրջ։ Դա վերաբերելու է նաեւ Հայաստանին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում եւ կանգնած է պոտենցիալ պատերազմի առջեւ: Դրանից խուսափելու համար շատ երկրներ փորձում են քննարկում սկսել Եվրոպայում անվտանգության եւ ռազմավարական կայունության նոր կարգի շուրջ։ Դա վերաբերելու է նաեւ Հայաստանին։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք առաջիկա քննարկմանը։ Հայաստանի եւ Արցախի համար Շուշիի հռչակագրի բացառապես բացասական նշանակությունից բացի, պետք է ուշադրություն դարձնել նրան, որ այն նաեւ կանխորոշում է թյուրքական պետությունների՝ մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր կարգ կառուցելու ձգտումը։ Հռչակագիրը ստորագրած պետությունները մտնում են Եվրոպայում անվտանգության եւ ռազմավարական կայունության նոր կարգի մասին գլոբալ քննարկման մեջ արդեն իրենց պատկերացումներով, թե ինչպիսին այն պետք է լինի Հարավային Կովկասում։ Նրանք իրենց համար ոչ թե կարմիր գծեր, այլ ռազմավարական հեռանկարներ են սահմանել:
Հակահայկական քաղաքականությունից եւ Հարավային Կովկասում ազդեցության վերաբաշխման ձգտումից բացի, հռչակագրում նախանշված էր նաեւ թյուրքական աշխարհի հետագա համախմբման եւ դրա ընդլայնման խնդիրը՝ ոչ միայն դեպի արեւելք, այլեւ՝ արեւմուտք։ Հռչակագրում նշվում էր, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները կլինեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այսինքն՝ Եվրոպայի վերաբերյալ նոր գլոբալ քննարկման մեջ թյուրքական գործոնը կարեւոր տարր է դառնում։ Իսկ ինչո՞վ ենք մենք մտնում այդ քննարկման մեջ։
Նախ՝ արդյո՞ք մենք հասկանում ենք, որ Շուշիի հռչակագիրը կանխորոշում է հայկական անկախ պետության գոյության հիմնական սպառնալիքը՝ թյուրքական աշխարհի՝ տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերանայելու եւ հայկական հարցն ամբողջությամբ չեզոքացնելու ձգտման տեսքով։ Նման երկարաժամկետ ռազմավարության հիմքում տարածաշրջանում հայերի բնակության պատմական տարածքը հետեւողականորեն նեղացնելու եւ նրանց թիվը կրճատելու խնդիրն է։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ թյուրքական համախմբման երկարաժամկետ խնդիրները Սյունիքի բռնակցումը եւ Ադրբեջանի տարբեր հատվածների ֆիզիկական միավորումն է, ինչպես նաեւ՝ Արցախի հայաթափումը (Նախիջեւանի օրինակով) եւ Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիության ուժեղացումը եւ դրա ավելի մեծ կախվածությունն արտաքին գործոններից: Ազդեցության որոշ կենտրոններ կխրախուսեն այդ պլանները, ազդեցության որոշ կենտրոններ կխոչընդոտեն։ Բայց նրանց միջեւ գլոբալ փոխզիջման արդյունքը կարող է Հայաստանի պետական ինքնիշխանությունը դառնալ:
Երկրորդ՝ Շուշիի հռչակագիրը պետք է մեզ բերի այն ըմբռնմանը, որ սեփական ուժերով եւ ռեսուրսներով սեփական երկրի ինքնիշխանությունը, անկախությունը եւ պետական սահմանները պաշտպանելու անհնարինությունը նշանակում է խոցելի պետություն լինել, ուղղակիորեն կախված լինել արտաքին, թող եւ բարեկամական գործընկերներից։ Մենք պետք է նա գիտակցենք եւ, հետեւաբար, գնահատենք այն իրավիճակի ռիսկերը, որի դեպքում շատերը կձգտեն.
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը եւ նրա ամբողջական դուրս մղմանը,
Իրանի վրա ազդեցության նոր լծակների ստեղծմանը եւ նրա տարածաշրջանային հավակնությունների սահմանափակմանը,
Թուրքիայի վեհացմանը՝ որպես մահմեդական աշխարհի անվիճելի առաջնորդ, եւ նրա կողմից վերահսկողությանը հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների եւ բնական ռեսուրսների բաշխման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ նրա ազդեցության տարածմանը Ռուսաստանի եւ Չինաստանի որոշ տարածքներում։
Եվ երրորդը, Շուշիի հռչակագիրը միտված է ողջ հայկական աշխարհի պառակտմանը։ Ուստի մեզ համար կարեւոր է ելնել նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պետություն լինել միայն այն հայերի համար, ովքեր մշտապես ապրում են այնտեղ։ Հայաստանը համայն հայության պետությունն է, եւ այն կպաշտպանի ողջ աշխարհի բոլոր հայերի շահերը։ Իսկ աշխարհասփյուռ հայությունը պետք է պաշտպանի եւ առաջ մղի իր ազգային պետության շահերը։ Ընդ որում, սահամնել, որ պատմականորեն կա մի քանի ազգային առաջնահերթություն.
- Անկախ ազգային պետության ամրապնդում ու հզորացում
- Արցախի հարցի արդարացի եւ վերջնական լուծում
- Ձգտում 1915 թվականի Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանն աշխարհում
- Հայ ազգային ինքնության պահպանում ու զարգացում ամբողջ աշխարհում, պայքար ձուլման դեմ: Մենք պետք է ընդունենք «Հայկական մանիֆեստը», որը պետք է ցույց տա, որ, չնայած բոլոր դժվարություններին, սպառնալիքներին ու մարտահրավերներին, 21-րդ դարը հայկական դար է»,- գրել է նա իր Telegram-ալիքում։
Comentários