Փաշինյանի պատասխանը՝ «ուսապարկի» ստվերից
Սպասելի էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, որտեղ հիմնականում մերկացվեց Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը, հնչելու է պատասխան։
Պատասխան հնչեց ու խորապես համոզված եք՝ դրա հեղինակը Փաշինյանն է, բայց երկարաշունչ հոդվածը ստորագրվել է ՔՊ տխրահռչակ խոսնակ Վահագն Ալեքսանյանի կողմից(Ալեքսանյանը չէր կարող լինել այս «լավաշի» հեղինակը, որովհետև` պատգամավորական կարգավիճակից ելնելով չէր կարող տիրապետել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հանգամանքների):
Փաշինյան/Ալեքսանյանի ծավալուն հոդվածին բովանդակային հարթության վրա անդրադառնալ չեմ ցանկանում, որովհետև դրանք հանգում են ծանոթ երկու դրույթների` ա) Սերժ Սարգսյանը 2016-ի հունվարին ինչ-որ փաստաթուղթ է մերժել, որի պատճառով տեղի է ունեցել Քառօրյան, բ) Նիկոլ Փաշինյանն այնպիսի բանակցային ժառանգություն է ստացել, որն այլեւս անհնար է դարձնում ԼՂ կարգավիճակն Ադրբեջանից դուրս։ Նորություն չկա, սրանք թեզեր են, որոնք արդեն հնչեցվել են Փաշինյանի կողմից՝ ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ժամանակ։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Փաշինյան/Ալեքսանյանը ճիշտ են, ապա Փաշինյանի արկածախնդրությունը, նրա քաղաքական պատասխանատվությունը 44-օրյա պատերազմի սանձազերծումը լեգիտիմացնելու հարցում ավելի ակնհայտ են դառնում։
Այդ դեպքում` ինչ ռեսուրսներո՞վ էր Փաշինյանը ֆետիշացում Սևրի մեռելածին դաշնագրի 100-ամյա տարեդարձը` լեգիտիմացնելով Թուրքիայի ուղղակի մասնակցությունը հնարավոր պատերազմին կամ` ինչի՞ հաշվին էր Փաշինյանը գոռում- գոչում «Արցախը Հայաստան է և վերջ»` Ադրբեջանի համար «կանաչ լույս» վառելով պատերազմի սանձազերծման համար։
Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «քողարկված ոչմիթիզական», որը պոստֆակտում փորձում է արդարանալ իր ձախողված քաղաքականության, տարածքային կորուստների, հազարավոր երիտասարդ կյանքերի համար։
Անշուշտ, տեղին է անել կարևոր մի դիտարկում ևս։
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանին պատասխանել է անբովանդակ մի տեքստով ու, թերևս, այդ պատճառով այն ստորագրել է ամեն ինչին պատրաստ Վահագն Ալեքսանյանը, որին էլ բաժին կհասնեն «թուքն ու մուրը»։
Վահրամ Բագրատյան
Comments