Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է․ նման պնդում անում է ՔՊ պատգամավորը

ԱԺ ՔՊ խմբակցությունում մի «ինտելեկտուալ» գեներալ պատգամավոր կա, որը մեծ սիրով պարբերաբար հարցազրույցներ է տալիս ու իր «դարակազմիկ մտքերը» դարձնում է հասարակության սեփականությունը՝ հարուցելով մարդկանց զարմանքը կամ ծիծաղը։
Խոսքը՝ պատգամավոր-գեներալ Գագիկ Մելքոնյանի մասին է, որն օրերս կայքերից մեկի տաղավարում հոխորտում էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դավաճան է, «որովհետև ԵԽԽՎ-ում թուրքերի նման է քվեարկել»։
Թերևս, Մելքոնյանի կալիբրի «մեծությանը» չանդրադառնայինք, եթե նրա «անմեղ արտահայտությունները» չափազանց վտանգավոր չլինեին՝ իրենց ներքին տրամաբանությամբ, դրանից բխող հետևություններով։
Հայկ Մամիջանյանը թուրքերի կամ ադրբեջանցիների նման չի քվեարկել։ Նա համարել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ ու դեմ է քվեարկել ԵԽԽՎ հայտնի բանաձևին, որտեղ մեր երկիրը պատկերված էր՝ որպես «ժողովրդավարության» կղզյակ։ Ի դեպ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչներն անցյալ տարիներին նույնպես նման կեցվածք են որդեգրել, երբ եվրոպատգամավորները կամ եվրոչինովնիկները փորձել են «ծուռ հայելու» մեջ պատկերել հայաստանյան իրականությունը։
Մի խոսքով՝ Հայկ Մամիջանյանն ունեցել է հստակ դիրքորոշում, իսկ թե ինչու են նույն կարծիքին եղել նաև ադրբեջանցի ու թուրք պատգամավորները՝ դա բացարձակապես երկրորդական խնդիր է ու ամենևին չպետք է հուզի Մամիջանյանին կամ Հայաստանի ընդդիմության այլ ներկայացուցիչների։
Մյուս կողմից, վերջապես պետք է գիտակցենք, որ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ է ու այդ կազմակերպությունը նաև մերն է, ըստ այդմ՝ Հայաստանի խնդիրների քննարկման ժամանակ մեր պատվիրակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է քվեարկել իր խղճի մտոք, ինչն էլ արել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։ Թե՞ Հայաստանում արդեն գործում են «ընդհանուր չափանիշներ», որոնցից տեղյակ չենք։
Բայց ապշեցուցիչ է Գագիկ Մելքոնյանի մտքի թռիչքը։ Եթե ընդամենը թուրքերի հետ մի քվեարկության նմանությամբ` նա Մամիջանյանին դավաճան է համարում, ուրեմն, առնվազն հոգու խորքում, ազգակործան դավաճան է համարում թուրքերի հետ խաղաղության դարաշրջան բացող Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում, նկատենք, որ Փաշինյանը Հայաստանի թերևս միակ գործիչն է, ով իր վերջին ասուլիսներում հանդես է գալիս ադրբեջանական թեզերի հրապարակայնացմամբ ու ակտիվ պաշտպանությամբ։
Վահրամ Բագրատյան
Comments