Կյանքին սիրահարված տղայի ճակատագիրն անհայտ է․ մարտական ընկերներն իրարամերժ կարծիքներ են հայտնում
Մասիսի շրջանի Սայաթ-Նովա համայնքում ապաստանած Միրզաբեկյանների ընտանիքը բռնի տեղահանությունից հետո հայտնվել է անորոշության մեջ։ 26-ամյա որդուն՝ Արշակին սպասելով հոգեմաշ են եղել։ Կարեն Միրզաբեկանը MediaHub-ին պատմում է, որ եղբոր հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 19-ին, խոսել են նախքան պատերազմը սկսվելը։
«Դիրքերում էր, երբ արդեն սկսվեց պատերազմը, մենք անընդհատ փորձում էինք կապ հաստատել, բայց գիտեք, այդ օրերին որևէ մեկին զանգելն անհնար էր, քանի որ թշնամին առաջինը հրթիռակոծել էր կապի բոլոր կայանները։ Հետո մեր համագյուղացի աշխարազորայիններից հետաքրքրվեցինք, ասացին՝ «Արշակը վիրավորում է ստացել և տեղափոխվել է հոսպիտալ»։ Մենք գնացինք զինվորական հոսպիտալ, այնուհետև Ստեփանակերտի բոլոր բուժհաստատությունները նայեցինք, ոչ մի տեղ չկար»,- ասում է մեր զրուցակիցը։
Միրզաբեկյանների ընտանիքը մեկ առ մեկ հանդիպել է Արշակի հետ մարտական հերթապահություն իրականացրած տղաների հետ։ Բայց Կարենի խոսքով՝ բոլորը տարբեր լուր են հայտնել իրենց։
«Մեկն ասաց, թե տեսել է վիրավոր վիճակում, մյուս ասել է զոհվել է դիրքի հրթիռակոծության ժամանակ, հետո ծանր տեխնիկա է մտել այդ տարածք, իրենք ստիպված իւջել են, մեկ ուրիշն ասել է, թե իբր իջեցրել են դիրքից՝ ոտքից վիրավորված վիճակում։ Լսել ենք նաև, որ զոհվել է, ու դիակը թաքցրել են, իրենք իջել։ Չգտնվեց մեկը, որ հստակ տեղեկություն ասեր։ Մենք հասկանում ենք, որ հնարավոր է զոհվել է, և պատրաստ ենք ընդունել ամենացավալի լուրը, բայց երբ տեղափոխվել ենք Հայաստան, հիմա բոլորն այստեղ ասում են, թե վիրավոր վիճակում է եղել։ Պատկերացնում ե՞ք, թողել են այնտեղ վիրավոր վիճակում ու եկել։ Եթե Արցախում իմանայինք, որ այդպես է, ես ինքս իմ եղբայրների հետ կգնայի, կիջեցնեի դիրքերից, ինչ վիճակում էլ որ լիներ»,- ասաց Կարեն Միրզաբեկյանը։
Ընտանիքի համար հեշտ չի եղել գաղթի ճանապարհը։ Մեծ ընտանիքով 2 օր ու գիշեր անց են կացրել ճանապարհին մանկահասակ երեխաների հետ։ Վերադարձել են մտամոլոր, առանց Արշակի՝ կիսատ։ Եղբոր խոսքով՝ Արշակը կյանքին սիրահարված երիտասարդ էր, երկու երեխաների հայր։ «Սիրում էր երգել, անգամ շատերի ընտանեկան ուրախություններն ինքն էր անցկացնում իր երգ-երաժշտությամբ։ Դրանից բացի, մեր գյուղում՝ Վերին Հոռաթաղում, վարսավիրանոց էր բացել և զբաղվում էր նաև այդ աշխատանքով։ Հումորը տեղը, տրամադրությունը միշտ բարձր մարդ էր»,-ասում է մեր զրուցակիցը, եղբոր հետ հետ կատարվածը համարելով ողբերգություն։
Այսքանով հանդերձ ընտանիքը հույսը չի կորցնում, որ գուցե հրաշքով նաև ողջ հայտնաբերվի, քանի որ Կարենը կապի մեջ է Կարմիր խաչի առաքելության հետ։ «Խոստացել են, որ այդ տարածքում կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ»։
Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի հետևանքով մոտ 2 տասնյակ անհետ կորած կա։ Նրանց գտնվելու և ճակատագրի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Հունան Թադևոսյան
Comments