Որոնք են «կարմիր գծերը» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերի հստակեցումը, այդպիսի պայմանագրի մշակումը և հետևաբար նաև կնքումը կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման ճանապարհով կամ դրա արդյունքում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այդ մասին ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ավստրիական գործակալության լրագրողի այն հարցին, թե որո՞նք են Հայաստանի «կարմիր գծերը» Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:
Հարցին ի պատասխան արտգործնախարարը առաջին հերթին շեշտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չլուծված լինելու փաստը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը միջազգային այն ձևաչափն է, որը ստեղծվել և օժտվել է ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը գտնելու միակ և բացառիկ մանդատով, և քանի դեռ հիմնախնդրի կարգավորումը գտնված չէ՝ կողմերը պետք է շարունակեն բանակցություններն այդ ձևաչափում:
«Կրկնում եմ՝ քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, այդպիսի պայմանագիր մշակելը և ըստ այդմ նաև՝ կնքելը: Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքը: Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնո՞ւմ է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու», - պարզաբանեց Արարատ Միրզոյանը:
Komentar