top of page

Պարգևավճարի համար՝ փող կա, ժողովրդի համար՝ ոչ




Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Պատգամավորն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազարից դարձնել 100 հազար դրամ:


Իշխող խմբակցության ու կառավարության մոտիվն այն է, որ պատերազմից ու քովիդից տուժած երկիրը միջոցներ չունի՝ նման քայլի գնալու համար, բացի այդ՝ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չեն նման ծախսեր։

Եթե կարճ ձևակերպենք, իշխանությունն ասում է՝ տնտեսագիտական հաշվարկներով, ընդդիմության առաջարկությունը հիմնավորված չէ։ Գուցե այդպես է, չվիճենք՝ մասնագիտական բաղադրիչի քննարկումը թողելով տնտեսագետներին։

Բայց մի քանի լեգիտիմ հարց, այնուամենայնիվ, առաջանում է։


Երբ խոսքը գնում է հասարակության եկամուտներն ավելացնելու մասին, կառավարությունն անմիջապես հիշում է քովիդի ու պատերազմի հետևանքների մասին, սակայն այդ ամենը մոռանում է, երբ հերթը հասնում է պատգամավորների ու նախարարների պարգևավճարներին, շքեղ ծառայողական մեքենաներ գնելուն և այլն։ Մեր կառավարությունն իրապե՞ս կտրվել է իրականությունից, թե՞ իր բնույթով հակասոցիալական է։


Դարձյալ ընդունենք, որ ընդդիմության առաջարկությունն անիրատեսական է, մյուս կողմից՝ փաստ է, որ սպառողական զամբյուղի արժեքը 2021-ի համար կազմել է 73 400 դրամ, այսինքն՝ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է։ Կարող ենք վստահ պնդել, որ հիմա՝ կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման ֆոնին, սպառողական զամբյուղի արժեքն ավելի է մեծացել։ Ի՞նչ է առաջարկում իշխանությունը, ե՞րբ է հանդես գալու սեփական «իրատեական» լուծումներով, թե՞ նման անհրաժեշտություն այլևս չկա․ առջևում ոչ ընտրություններ են, ոչ էլ՝ իշխանափոխության ռեալ վտանգ։


Վահրամ Բագրատյան

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page