top of page

Էժան վարձով բնակարան գտնելը՝ երազանք․ ինչո՞ւ են Երևանում վարձով բնակարանները թանկանում



Հայաստանում, ինչպես գիտենք, շուկան արագ արձագանքում է գնագոյացմանը, իսկ գնանկմանն արձագանքում է դանդաղ և ոչ համարժեք։ Հայաստանում և, հատկապես Երևանում, վարձով բնակարանների գները կտրուկ բարձրացան պատերազմի ժամանակ, երբ մեծ թվով արցախցիներ եկան։ Եթե նախկինում միջին վիճակում գտնվող բնակարան հնարավոր էր վարձակալել սկսած 60 հազար դրամից, ապա այժմ նմանատիպ բնակարան հնարավոր չէ վարձակալել անգամ 100 հազար դրամով։ Ընդ որում, արցախցիների հիմնական մասի Արցախ վերադառնալուց հետո էլ անշարժ գույքի վարձակալության շուկան չինքնակարգավորվեց։ Գլխավոր պատճառն այն է, որ երկրում պետական մակարդակով վերահսկողություն չկա այդ դաշտի նկատմամբ․ վարձակալության պայմանագրերի կնքումը թողնված է վարձակալի և վարձատուի խղճի և հարմարավետության վրա։


Հարցը բարձրաձայնվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Սակայն վերջինիս պատասխանը բովանդակային առումով որևէ կապ չուներ հարցի հետ։ Մասնավորապես, 2020թ-ի ապրիլին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետին հարցնում էր՝ ե՞րբ են վարձով բնակարանների գները կարգավորվելու օրենքի շրջանակներում. «Ում մտքով ինչ գին անցնում է՝ ասում են։ Միջին վիճակի վարձով տունը սկսում է 100 հազար դրամից, գոնե լինի գնահատման համակարգ ու պարտադիր վարձակալման պայմանագիր»։


Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, ինչն այդքան էլ լավ չէ, որովհետև կարծում եմ, որ պետք է ոչ թե վարձով տների գներն ընկնեն, այլ պետք է աշխատենք, որ քաղաքացիների եկամուտներն ավելանան»։


Փաստացի, ոլորտում այս պահին թելադրողը վարձատուներն են և անգամ կենցաղային տարրական պայմաններ չունեցող սենյակներն ու բնակարանները կարիքավորներին վարձակալության են տալիս չարդարացված բարձր գներով։ Բնակարանատերերի արդարացումը մեկն է՝ երկրում ամեն ինչ թանկացել է, ապրելը՝ դժվարացել, բնակարանը վարձակալությամբ տալը հաճախ իրենց եկամտի միակ աղբյուրն է, իսկ վարձակալները հիմնականում ուսանողներն ու նորաստեղծ ընտանիքներն են, ովքեր այս դեպքում ավել գումար են ծախսում ոչ միայն համատարած թանկացումների ֆոնին, այլև՝ բնակարան վարձակալելու համար։


Արմինե Նավոյան

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page