ՀՀ դիվանագիտության խայտառակ ձախողումը փրկելու փորձ արած միակ հայազգի գործիչը Մամիջանյանն է. Ղազարյան

Իշխանությունների հաղթանակ ներկայացվող խայտառակությունը՝ փաստերով
Հայաստանում 2018 թվականից հետո փաստացի տապալված բոլոր ժողովրդավարական ինստիտուտների վիճակը «բարձր» գնահատող «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» ԵԽԽՎ զեկույցը, բացի իր բովանդակային խնդրահարույց ձևակերպումներից, ընդունման իմաստով վկայում է հայկական դիվանագիտության խայտառակ ձախողման մասին, որի դեմքը փրկելու փորձ արած միակ հայազգի գործիչը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն է, ով այդ զեկույցին դեմ քվեարկելով՝ փաստացի կողմ է քվեարկել Հայաստանում ժողովրդավարության վերականգնման և զարգացման օգտին։
Այդ զեկույցի քվեարկության փաստական հիմքերը հետևյալն են․ զեկույցի քվեարկությանը մասնակցել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) 324 մշտական անդամներից միայն 80-ը, կամ ընդհանուր կազմի միայն 24,6%-ը։ Այսինքն` բանաձևն ընդունվել է պատգամավորների մասնակցության չափազանց ցածր աստիճանի պայմաններում, ինչը փաստացի վկայում է, որ մյուս պատգամավորները լավագույն դեպքում դեմ են եղել բանաձևի ընդունման, իսկ վատագույն դեպքում՝ արհամարհել դրա գոյությունը։ Դրանում պետք է նկատի ունենալ, որ քվեարկության մասնակիցներից զեկույցի օգտին կողմ են քվեարկել ընդամենը 50 պատգամավոր, որոնց թվում Հայաստանը ներկայացնող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավորներ (կամ պատգամավորների ընդհանուր թվի ընդամենը 15,4%-ը), իսկ դեմ կամ ձեռնպահ՝ 30 պատգամավոր։
Քվեարկությանը առհասարակ չեն մասնակցել 20 երկրների ներկայացուցիչներ։ Այսինքն, 48 երկրներից մասնակցել են միայն 28 երկրների ներկայացուցիչներ։ Ընդ որում` դրանից 10 երկրներից՝ միայն մեկական ներկայացուցիչներ (այդ թվում ԵԽԽՎ-ում ամենամեծ պատվիրակություններ ունեցող երկրներից ինչպիսիք են Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան և այլն)։ Հատկանշական է, որ քվեարկությանը չմասնակցած երկրների թվում է նաև Վրաստանը և Ուկրաինան, իսկ Ռուսաստանը ներկայացնող քվեարկության մասնակցած բոլոր 14 պատգամավորները միաձայն քվեարկել են ձեռնպահ։
Բանաձևի ընդունումն իրենց համար դիվանագիտական հաջողություն համարող Հայաստանի իշխանությունները, Հայկ Մամիջանյանի վրա հարձակումներից առաջ, այս թվերում կարող են գտնել իրենց ձախողման իրական դեմքը՝ մաթեմատիկական ու աշխարհագրական ճշտությամբ։ Սա ոչ միայն Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության աշխատանքի, այլև Եվրոպայի երկրներում Հայաստանի դեսպանությունների անգործության պատկերն է։
Ինչ վերաբերում է Եվրոպայի Խորհրդի համար զեկույցը պատրաստած պատգամավորներին, հետաքրքիր կլիներ նրանցից իմանալ, թե արդյո՞ք նրանք տեղյակ են, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մինչ օրս չի կարողանում մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին` Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվելու պատճառով, իսկ նրա գործընկեր, մյուս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ԵԽԽՎ նախորդ նստաշրջանին չի մասնակցել՝ համերաշխություն ցուցաբերելով իր գործընկերոջ հանդեպ։
Comentários