ԱՄՆ ընկերությունը ահազանգ է հնչեցնում Հայաստանում
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Օրեցօր բարդացող աշխարհաքաղաքական միջավայրում բազմակի կարևորություն է ստանում այն, թե ինչ իրավիճակ է Հայաստանի ներքին կյանքում և ինչ տրամաբանությամբ ու ընթացքով է շարժվում այդ կյանքը: Խոսքը միայն ներքաղաքական իրադրության մասին չէ, այլ հասարակական կենսագործունեության գործնականում բոլոր ոլորտների, թեև իհարկե այդ ամենի համար առանցքային նշանակություն ունի ներքաղաքական կյանքի մասնակիցների վարքագիծը, թե քաղաքական իշխանության, թե այլ քաղաքական ուժերի՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական: Այդ առումով, ցավոք, պատկերը մեղմ ասած մխիթարական չէ:
Ավելին, իրադրությունը մխիթարական չէ նաև ներքին կյանքում կարևորագույն դեր ունեցող ինստիտուտների՝ մեդիափորձագիտական դաշտի առումով: Հայաստանում ընդհանրապես քաղաքական մտքի, բովանդակության ձևավորման ինստիտուցիոնալ ճգնաժամ է: Ըստ որում, քաղաքական միտք ասվածն էլ՝ ամենևին չի նշանակում ուղիղ առնչություն ներքաղաքական կյանքին կամ արտաքին քաղաքական օրակարգին: Հայաստանն այսօր գտնվում է այնպիսի մի շրջափուլում, որ, օրինակ էական նշանակության որևէ հասարակական նախագիծ, որն առնչվում է ասենք կրթական կամ բնապահպանական որևէ ուղղության, կամ իրավական, տնտեսական որևէ հարթության, արդեն իսկ ունի քաղաքական նշանակություն, որովհետև ի վիճակի է ազդել հանրային տրամադրությունների և տրամադրվածության վրա: Այդ տեսանկյունից, պետք է նկատել, որ Հայաստանում բավականին մտահոգիչ միտում է արձանագրել ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցհարցումը, որ անցկացվել է նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այդ սոցհարցման համաձայն՝ մոտ տասը տոկոսով նվազել է մարդկանց թիվը, որոնք համարում են, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Ներկայումս այդ ցուցանիշը, համաձայն հարցման, կազմում է 34 տոկոս:
Փոխարենը, 20-ից մինչև ավելի քան 40 տոկոս է հասել մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ պետությունը ընթանում է սխալ ուղղությամբ: 40-ից ավելի տոկոս կարծում է, որ Հայաստաննի ընթացքը ճիշտ ուղղությամբ չէ: Սա ահազանգ է թե իշխանությանը, թե հասարակական-քաղաքական կյանքի այն դերակատարներին, որոնք մտահոգ են հենց Հայաստանի, այլ ոչ միայն սեփական քաղաքական ճակատագրով: Սա թերևս հետևանք է այն գերակշռող «քաղաքական» մտայնության, որը հաջողության խաղադրույք է կատարում հասարակական տրամադրությունների անկման, հանրային ապատիայի, հիասթափության վրա: Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե դա իշխանության խնդիրն է: Գործնականում դա Հայաստանի պետական խնդիրն է, որովհետև հասարակական ապատիայի միջավայրում հաջողություն կարող է փնտրել կամ ակնկալել միայն այն միավորը, որն իր գործունեության հիմքում որևէ աղերս չունի հանրային, պետական շահի հետ, որևէ աղերս չունի ստեղծարար նպատակների հետ և առաջնորդվում է մսխման տրամաբանությամբ: Ըստ այդմ, որպես առաջին քայլ «մսխվում» է հանրային տրամադրությունը, հասցվում ապատիայի, որի վրա էլ ծրագրվում է կառուցել մյուս քայլերը:
ԱՄՆ ՄՀԻ սոցհարցումն այդ իմաստով իրապես խորքային ահազանգ է, որը պահանջում է այն ուժերի, միավորների մոբիլիզացիան, որոնք գործունեության հիմքում դիտում են ստեղծարարությունը: Ընդ որում, ոչ մի էական նշանակություն չունի, թե այդ ուժերը ինչ ոլորտում են ծավալում գործունեություն՝ քաղաքականության մեջ են, քաղաքացիական կյանքում, տնտեսության այս կամ այն բնագավառում են, թե որևէ այլ տիրույթում:
Արդիական Հայաստանով շահագրգռված որևէ ուժ չի կարող հանդուրժել Հայաստանում հասարակական ապատիայի խորացումը և այստեղ քաղաքական իշխանության խնդիր չէ, ներքաղաքական պայքարի խնդիր չէ, որ լուծվում է կամ պետք է լուծվի: Այստեղ միջավայրի խնդիր է: Ի վերջո, Հայաստանը անկախության մոտ երեք տասնամյակի ընթացքում քայլ առ քայլ դեպի անկում և աղետ էր գնում այն պատճառով նաև, որ այդ ընթացքում հայաստանյան ներքին կյանքը կառուցվում էր մսխման և հասարակական ապատիայի տրամաբանության վրա, երբ կառավարող համակարգը տարիներ շարունակ իր խորքային ապահովությունն ու անվտանգությունը տեսնում էր հենց դրանում: Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը շրջվեց ամբողջապես, հասարակության մեջ արթնացավ որոշակի պասիոնարություն, ինչից սակայն այսօր գրեթե հետք չի մնացել՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Հանրային պասիոնարության վերականգնումը ներկայումս գերխնդիր է բոլոր այն ուժերի համար, որոնց համար Հայաստանի և Արցախի հետպատերազմյա վերականգնումը ոչ թե ճառասացության թեմա է ընդամենը քաղաքական կորուսյալ դիրքեր վերականգնելու կամ եղածը պահպանելու համար, այլ իրական նպատակ, առանց որի ավելորդ է թերևս ձևակերպել հայկական պետականության գոյության այլ նպատակներ և իմաստներ և ակնկալել դրանց ըմբռնում միջազգային մեծ ու փոքր դերակատարների շրջանում:
Comments